News Image

CNN-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի ստորագրած «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» դրույթները

CNN-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի ստորագրած «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» դրույթները:

1. ԱՄՆ-ը և Իրանը, ինչպես նաև այս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրում են հուշագիրը՝ հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են չսկսել որևէ պատերազմ կամ ռազմական գործողություն միմյանց դեմ, ինչպես նաև ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

2. ԱՄՆ-ը և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին։

3. Կողմերը պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի՝ առավելագույնը 60 օրում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

4. Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ը կսկսի 30 օրվա ընթացքում հանել Իրանի ծովային շրջափակումը: Կապահովվի, որ նավերի երթևեկությունը հասնի մինչպատերազմյան մակարդակին: ԱՄՆ-ը նաև կհեռացնի իր ուժերն Իրանի մերձակայքից։

Նաև Իրանը կապահովի, որ Պարսից ծոցից Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անցումը լինի անվտանգ և անվճար, նաև կիրականացնի ականազերծում: Թեհրանը կերկխոսի Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում կառավարման և ծովային ծառայությունների մատուցման կարգը սահմանելու համար՝ Պարսից ծոցի մյուս ափամերձ պետությունների հետ համակարգմամբ: ԱՄՆ-ն էլ պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր, որը կուղղվի Իրանի վերակառուցմանը և տնտեսական զարգացմանը: Համապատասխան լիցենզիաները տրամադրելու է Վաշինգտոնը:

7. ԱՄՆ-ը պարտավորվում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը: Այս հարցը կդիտարկվի հետագա բանակցություններում:

8. Իրանը վերահաստատում է, որ միջուկային զենք ձեռք չի բերի և չի մշակի։ Հարստացված ուրանի ոչնչացման հարցը կկարգավորվի փոխադարձ համաձայնեցված մեխանիզմով, որը կմշակվի ԱԷՄԳ-ի հսկողության ներքո։ Նաև Իրանի միջուկային կարիքներին վերաբերող մյուս հարցերը կքննարկվեն՝ հաշվի առնելով վերջնական համաձայնագրի շրջանակը:

9. Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը պարտավոր են պահպանել ստատուս քվոն։ Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս ստատուս քվոն, իսկ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չի կիրառի և լրացուցիչ ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։

10. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կտրամադրի իրանական հում նավթի, նավթամթերքի, համապատասխան ծառայությունների, այդ թվում՝ բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրման և այլնի արտահանման լիցենզիաներ։

11. Կողմերը բանակցությունների ընթացքում կհամաձայնեցնեն իրանական ակտիվների ապասառեցման հարցը:

Ըստ փաստաթղթի՝ ստեղծվելու է գործադիր մեխանիզմ՝ հետևելու Հուշագրի իրականացմանը և վերջնական գործարքի պահպանմանը: Վերջնական համաձայնագիրը հաստատելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Արևմտյան ԶԼՄ-ները շեշտում են, որ փոխըմբռնման հուշագիրը չունի իրավական պարտադիր ուժ, դրա կյանքի կոչումը կախված է Վաշինգտոնի և Թեհրանի քաղաքական կամքից:

Share