«Մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ ԱԺ չեն գալիս իրականում, շարունակեք չգալ, որովհետև այստեղ ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնայք և տիկնայք ընտրակաշառատուներ»:
Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների բացակայությանը, նաև հռետորական հարց տալով, թե ընդդիմադիրները գալու են ԱԺ, որպեսզի ներկայացնեն, թե ինչպես են իրենց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100 հազար դրամ բաժանել քաղաքացիներին:
«Որ պահին մտնեք Ազգային ժողով, Ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ, ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես: Ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին, այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին: Օրինակ՝ 5000 բաժանածների գլխին փակցվելու է 5000, 100 հազար բաժանածների ճակատին փակցվելու է 100 հազար: ԱԺ-ում գտնվող ցանկացած ոք՝ լինի ԱԺ այցի եկած դպրոցական, ուսանող և մնացածը, հնարավորություն է ունենալու, օրինակ, 100 հազար դրամ տալ իքս ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100 հազար դրամ, ու նրա ճակատին ասել այն, ինչ կկամենան:
Այստեղ գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին: Ձեր խմբակցությունները, հարգելի՛ կամ ոչ այնքան հարգելի՛ ընդդիմադիրներ, սուպերմարկետի բաժիններ են լինելու»,- նշեց նա: