Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ առաջիկա հանդիպման ժամանակ։
«Մենք դատապարտել ենք Իրանի միջուկային օբյեկտների դեմ անհիմն գործողությունները, ինչպես որ մի ժամանակ դատապարտել ենք իրանցի քաղաքական և ռազմական գործիչների քաղաքական սպանությունները։ Մենք մանրամասն քննարկել ենք սա մեր իրանցի գործընկերների հետ։ Ես շուտով կրկին հանդիպում կունենամ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Մենք կշարունակենք այս քննարկումը», - ասել է Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
Լավրովի խոսքով՝ «իրանցիները գիտեն Ռուսաստանի մոտեցումը»։
«Նրանք գիտեն, թե ինչպես ենք մենք պատրաստ նպաստել ճգնաժամի լուծմանը՝ թե՛ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, թե՛ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Դիվանագիտության մեջ կան մեխանիզմներ, որոնք սովորաբար հրապարակային չեն դառնում։ Մենք դրանք նույնպես կօգտագործենք։ Մեր իրանցի ընկերները գիտեն մեր գնահատականները», - բացատրել է նախարարը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Արաղչին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա դեկտեմբերի 17-ին։