News Image

Նոր սկանդալ․ Հայաստանում Ամերիկյան համալսարանը՝ «գեներալնի ուբորկայի» հրամայականի առջև. Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է

Նոր սկանդալ․ Հայաստանում Ամերիկյան համալսարանը՝ «գեներալնի ուբորկայի» հրամայականի առջև
Հայաստանում Ամերիկյան համալսարանի շուրջ չմարող, ճիշտ հակառակը՝ սաստկացող սկանդալը նոր շերտեր է բացահայտում։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ամերիկամետ կամ եվրոպամետ հայացքներով որևէ դասախոս կարողանա Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանում դասավանդման ժամանակ գովերգել ու ջատագովել ամերիկյան քաղաքականությունը։ Իսկ, Հայաստանի ամերիկյան համալսարանում, պարզվում է, հակառակը հնարավոր է։

Այստեղ հարցն ամենևին այն չէ, որ դասախոսն իրավունք չունի ունենալ իր աշխարհաճանաչողությունը, քաղաքական ու քաղաքացիական նախասիրություններն ու հակակրանքները։ Քավ լիցի։ Հարցը այդ ամենը լսարան չմտցնելն է՝ ուսանողի, ավելի ստույգ՝ նրա ծնողների չարքաշ աշխատանքի հաշվին վճարված ահռելի ուսման վարձը որևէ մեկի, որևէ ուժի քաղաքական շահերին կամ որևէ երկրի աշխարհաքաղաքական շահերի ապասարկմանը դնելն է, որն անբարոյականություն է։ Իսկ Հայաստանում ամերիկյան համալսարանի մեկ շրջանավարտից չէ, որ լսել ենք դասաժամերին կոնկրետ ուղղվածության «գիտելիք» ու «դիրքորոշում» ներարկելու բացահայտ ու թաքնված փորձերի մասին։

Ըստ որում՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո շրջանավարտներից մեկը, ով մասնակցել էր Արցախյան վերջին ազատամարտին, ոչ միայն զարմացած էր լսարան մտած մի շարք դասախոսների անթաքույց հակաիշխանական տրամադրություններից ու նրանց դեմ քարոզչությունից, այլ նաև ռուսամետությունից, «հողապահանջատիրությունից», «Արցախասիրությունից», ընդհուպ՝ թե՛ այդպես մտածող ստվար խումբ ուսանողների կողմից, որոնք ոչ ծառայել էին, ոչ էլ մասնակցել պատերազմին, ոչ էլ այդպիսի պահանջներ ներկայացնող միջին տարիքի տղամարդ դասախոսների կողմից, որոնց որդիներն էլ հայրերի նման առանձնապես չէին փայլել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու առումով, բայց մեծ հայրենիք էին պահանջում։ Առավել նրբորեն քողարկված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեման, որը ոմանց կողմից ներարկվում է՝ «դեհ, Հայաստանն այլընտրանք չունի» թեզի տարատեսակ մոդիֆիկացիաների ներքո․․․ Ինչևէ․․․
Ահա, այդ համալսարանից, ըստ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի 168․ամ հոդվածագրի ներքին «աղբյուրների» աշխատանքային պայմանագրի խզումով դասավանդումից դուրս է դրվում ԱԺ պատգամավոր Taguhi Ghazarian-ը։ Համաձայն Սաթիկ Սեյրանյանենց աղբյուրի՝ ճիշտ հակառակն է եղել․ «Թագուհի Ղազարյանը, մեր տեղեկություններով, լսարան է մտել կոնկրետ քաղաքական քարոզչության նպատակով` մասնավորապես փորձելով խաղաղության պայմանագրի` որպես միակ ու անկրկնելի լուծման ցնորամտությունն ուսանողներին անդադար քարոզելով ու նրանց համոզելով, որ ճիշտը հենց դա է։ Այդ միակողմանի քաղաքական քարոզչությունը դուր չի եկել ուսանողներին, որոնց բազմաթիվ բողոքներին, ի վերջո, ականջալուր է եղել Համալսարանի ղեկավարությունը։ Հենց սա է, որ ոչ մի կերպ չի մարսում ՔՊ-ական պատգամավորը։»

Թե ով է Սաթիկ Սեյրանյանենց աղբյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ առանձնապես բարդ չէ տրամաբանորեն կռահել այնտեղ դասավանդող ու աշխատող մի քանի ՀՀԿ-ական ու ՀՀԿ-ամերձ դասախոսների շարքից․ համարենք, որ դա ոչ Վահրամ Տեր-Մաթևոսյանն է, ոչ նրա մանկական-կուսակցական ընկեր Սամվել Ֆարմանյանը, ոչ Ռուբեն Մելիքյանի գործընկեր Սիրանուշ Սահակյանը կամ նման այլք, որոնք հաճախակի են երևում 168․ամ-ի էջերում․․․ Համարենք, որ շատ սովորական մի շրջանավարտ է Սաթիկենց պատմել, որ Թագուհի Ղազարյանը դասապրոցեսում ուսանողների մոտ կարծիք է հայտնել, որ հարևան պետությունների հետ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն այլընտրանք չունի․․․ Համարենք, որ աղբյուրը չի սխալվել և 168․ամ-ի տեղեկությունը ստույգ է։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի ինչ-որ օղակներ դժգոհ են եղել ՔՊ-ական պատգամավոր այդ խաղաղասիրությունից և որի պատճառով նրա հետ պայմանագիրը խզվել է։ Այսինքն, Ամերիկյան համալսարանը այդ անմեղ տեսակետի համար դասախոսին հեռացրել է աշխատանքից, դրանով իսկ ապացուցելով, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի երեկվա հայտարարությունը ճիշտ է, այն է՝ իրեն առաջարկվել է «կամ դասախոսություն, քամ քաղաքականություն» երկըտրանքը․․․ Մինչդեռ, ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հրապարակած փաստահավաք խմբի եզրակացությունը ամենևին չի վկայում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը խախտել է դասախոսական-մանկավարժական որևէ էթիկա, այլապես եզրակացության մեջ չէր նշի, որ նա պետք է վերականգնվի իր դասախոսական աշխատանքում ու պահանջ չէր ներկայացնի, որ նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզած ՀՀԿ-ական դասախոսները պարտադիր անցնեն վերապատրաստում անձնակազմի հետ աշխատելու կարողությունները բարելավելու համար․․․ Այսինքն, ստացվում է, որ Թագուհի Ղազարյանի դասախոսական աշխատանքը ընդահատել է կամ Ամերիկյան համալսարանի վերադաս ղեկավարությունը, կամ միջին օղակը՝ ՀՀԿ-ական դասախոսների խումբը, որոնք քաղաքական շարժառիթներով են խզել նրա հետ պայմանագիրը․․․
Ի՞նչ պետք է տրամաբանորեն անի այսպիսի սկանդալի կիզակետում հայտնված ուսումնական հաստատության ղեկավարությունը․ 1) պահանջել 168․ամ կայքից հերքել ԲՈՒՀ-ի բարի համբավը վարկաբեկող տեղեկատվությունը առ այն, որ այնտեղից դասախոս է հեռացվել հարևան պետությունների հետ խաղաղության հասնելու գաղափարին հավատալու համար, 2) աշխատանքից ազատել դասախոսին քաղաքական շարժառիթներով մանկավարժական աշխատանք կատարելուց հեռացրած պատասխանատուին, կամ 3) հայտարարել, որ ԲՈՒՀ-ի գիտամանկավարժական համայնքը չի կիսում Հայաստանի՝ հարևանների հետ խաղաղություն հաստատելու արժեհամակարգը մեզ հայտնի բոլոր օրակարգերով՝ հայրանզրկման դիմաց փոխհատուցումից մինչև ազատագրում-դեօկուպացիայ․․․
Բայց վերադառնանք Սաթիկ Սեյրանյանի կայքի հոդվածին։ Հոդվածն այնպիսի ջանասիրությամբ է թևերը փռել Հայաստանի ամերիկյան համալասրանի, ավելի ստույգ՝ նրա ՀՀԿ-ական դասախոսական կազմի վրա, այնպես են կրծքերը ծեծում, մի պահ մոռանում ես, որ այդ կայքը իր հիմնադրման օրվանից ջատագովել է Հայաստանի ռուսամետ կողմնորոշման օգտին և մնացած ուղղությունները համարել Հայաստանի համար վտանգավոր, աղետաբեր․․․ Ահա, Սաթիկենք իրենք են հաստատել ինձ հանդիպած շրջանավարտների պատմածները այնտեղ ուսանող «դասալիք, բայց հայրենասեր» ուսանողական հատվածի մասին, որոնք խաղաղություն չեն ուզում, այլ ռևանշ, և իրենք են «վերադասին «բողոքել Թագուհի Ղազարյանի «խաղաղասիրական ցնորքից» ու հասել նրա հետ պայմանագրի խզմանը․․․ Սաթիկենք իրենք են մատնել, որ Ամերիկյան համալսարանում կա պաշտպանության կարոտ մի բույն, որը քնադելու համար իբր Թագուհի Ղազարյանը նույնիսկ սև համազգեստավոր-դիմակավոր ԱԱԾ-ականներ է տարել համալսարան։ Ասել է, թե՝ Սաթիկենք իրենք են հիմնավորում ու մատնում, որ Ամերիկյան համալսարանում կա ոչ ամերիկյան բույն․․․ Ահավասիկ, Սաթիկենք ապացուցել են նաև այն զրույցները, որ Ամերիկյան համալսարանում իրականացվում է նաև քարոզչություն հօգուտ Ռուսաստանի, այլապես այդպես ահաբեկված մանրամասներ չէին հաղորդի Հայաստանի ուժային ստորաբաժանումների հետ Ամերիկյան համալասարանի ունեցած ավարայրի ճակատամարտից․․․․ Եթե ռուսական գծի ջատագով Սաթիկենք թևերը փռում են ու կուրծք են ծեծում ամերիկյան համալսարանի վրա, ուրեմն այդտեղ ինչ-որ խոշոր բան այն չէ․․․ Ուրեմն այնտեղ էլ ինչ-որ բան ռուսական է․․․
Իսկ Հայաստանում ամերիկյան համալսարանն այստեղ էլ մտածելու բան ունի։ Որքան էլ ամեն ինչ քողարկես «ակադեմիական ազատության» անվան տակ, միևնույնն է, կափարիչն արդեն վերցված է ու գարշահոտը տարածվել է շուրջբոլորը․․․
Իսկ դա Ամերիկյան համալսարանին կանգնեցել է լուրջ կապիտալ «ուբորկայի» հրամայականի առջև․․․ Կանի՞ նա այդ «գեներալնի ուբորկան», կտեսնենք առաջիկայում․․․

 

Խոսնակ Լրատվական

Share