Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո Սերժ Սարգսյանը որոշել է վերջինիս «ռասկրուտկա» անել՝ միաժամանակ փորձելով ստուգել նրա, իմա՝ ՀՀԿ-ի հանրային աջակցության մակարդակն ու տոկոսը։ Այդ աջակցությունն ստուգելու լավագույն առիթը, ինչպես ասում են, «ինքն իր ոտքով» է ներկայացել՝ Գարեգին Բ-ի դեմ ՀՀ իշխանության «սանձազերծած արշավի» տեսքով։ Արդ, ինչո՞ւ չօգտագործել այս հնարավորությունն ու չփորձել պոպուլիստական օրակարգ սպասարկել՝ դիրքավորվել որպես եկեղեցու պաշտպան ու զորավիգ և հանրային կոնսոլիդացիա գեներացնել «Դավիթ եկեղեցասերի» շուրջը։
Նախօրեին, ինչպես հայտնի է, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հանգամանքն օգտագործելով, Մասիսի քաղաքապետը հավաք էր հրավիրել՝ ակնկալելով, որ «ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով» կքայլեն դեպի Մայր Աթոռ: «Կհանդիպենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կաղոթենք մեր Եկեղեցու և Պետության կայունության ու հզորացման համար: Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ: Ուս ուսի, թիկունք թիկունքի հասնելու ենք մեր գլխավոր նպատակին՝ ազգային արժանապատվության վերականգնմանն ու պետություն-եկեղեցի միասնության հաստատմանը»,- հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում զետեղված ազդագրում նշել էր ՀՀԿ-ի վարչապետացուն։ Արդեն բուն միջոցառման օրը, ի լուր ԶԼՄ-ների, Համբարձումյանն ի պատասխան հարցի՝ այս փուլում՝ մինչև գալիք ԱԺ ընտրությունները, հնարավո՞ր է հանրային ավելի մեծ կոնսոլիդացիա «ազգային, պետական արժեքների պահպանման շուրջ»՝ հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, Մասիսի քաղաքապետն արձագանքել է՝ «այո, կոնսոլիդացիա հնարավոր է, մեր նպատակը հանրային համերաշխության օրակարգ ձևավորելն է, և մենք քայլ առ քայլ հասնելու ենք դրան, մենք ուզում ենք, որ մեր հասարակության մեջ վերջապես վերանա ատելության մթնոլորտը, իրար հայհոյելու խոսույթը, և հնարավոր է այս սենց մեծ բազմությամբ, ժողովրդով ավելի շուտ հասնենք սկսված իմպիչմենթի վերջնական ավարտին»։ Նկատենք, որ Համբարձումյանն իր խոսքում, նայելով իր շուրջը հավաքվածներին, մի քանի անգամ հատուկ շեշտեց «այս սենց մեծ բազմությամբ» արտահայտությունը՝ փորձելով ցույց տալ, թե իր հետևից եկողներ կան, իր կոչով, հրեն, կարողանում է մեծ բազմություն փողոց դուրս բերել, կարճ ասած՝ մեսիա դառնալուն «5 է պակաս»։ Մասիսի քաղաքապետը, ինչպես երևում է, վարակվել է ընդդիմադիր՝ մինչև այս արենայում հայտնված գործիչներին պատուհասած ախտով՝ «գրանդիոզ մոլորությամբ»։ Հոգեբանության մեջ գրանդիոզությունը գերազանցության, եզակիության կամ անխոցելիության զգացումն է, որն անիրատեսական է և հիմնված չէ «մոլորյալի» անձնական կարողությունների վրա: Մասիսի քաղաքապետն էլ, փաստորեն, սեփական ունակությունների վերաբերյալ ունի չափազանցված պատկերացումներ և կարծում է, որ եթե իր կոչից հետո մի քանի հարյուր մարդ է փողոց դուրս գալիս, որոնց կեսը, էքսկուրսիայի նպատակով էր միացել միջոցառմանը, ապա կարող է հավակնել երկրիս վարչապետի պաշտոնին, այն էլ՝ իմպիչմենթի միջոցով։ Իրականում, սակայն, թե վերջին երթը, թե դրանից ավելի վաղ տեղի ունեցած, այսպես ասած, «զվարթնոցյանզորակցությունը», որի գլխավոր-գործող զորակցողները ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ու նույն ինքը՝ Դավիթ Համբարձումյանն էին, ցույց տվեցին, որ հանրությունը շատ ադեկվատ է ընկալում տեղի ունեցող գործընթացը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած օրակարգը, թե՝ եկեղեցու կանոնագիրքը խախտողները պետք է լքեն վեհարանն ու դուրս դրվեն եկեղեցուց։ Որքան էլ ընդդիմադիր և եկեղեցական քարոզչամեքենաները փորձեն Փաշինյան-Մայր Աթոռ՝ շաբաթներ տևող հեռակա բանավեճը մատուցել որպես «ընդդեմ ազգային կառույցի՝ եկեղեցու» արշավ ու ոտնձգություն, հանրության լայն զանգվածները գիտակցում են՝ սա ոչ թե եկեղեցու, որպես ինստիտուտի, այլ այդ ինստիտուտը ուզուրպացրած, այդ ինստիտուտի հետ նույնացվող, սակայն այդ նույն ինստիտուտի դարավոր ավանդույթները ոտնահարող, «անկարգ ընթացքի» մեջ գտնվող և իրենց այդօրինակ վարքագծով ինստիտուտի հանրային հեղինակությունը ոտնահարող սուբյեկտների դեմ է։ Հակառակ դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը «ոտնձգած», «ձեռնմխած» կամ «արշաված» լիներ ՀՀ ժողովրդի ազգային արժեք համարվող եկեղեցու դեմ, փողոցներն այսօր ողողված կլինեին հավատացյալ, այդ ազգային բացառիկ արժեքը ապօրինությունից ու վայրագությունից պաշտպանող ժողովրդով՝ առանց սպասելու, որ որևէ մեկ Դավիթ Համբարձումյան կամ Համբարձում Դավթյան կոչի կամ հրովարտակ հղի։
Նկատենք, որ ինքը՝ եկեղեցին, ի դեմս իր թեմերի, որևէ կոչ կամ ուղերձ չի հղել հավատավոր հոտին՝ հաջակցություն եկեղեցու դուրս գալ փողոց ու ցույց տալ իր անհամաձայնությունը տեղի ունեցողին՝ «իշխանության ոտնձգություններին», սատար կանգնել իր ազգային արժեքին։ Նշանակում է՝ եկեղեցին՝ իր հոգևոր դասով հանդերձ, նույնպես լեգիտիմ ու արդարացի է համարում վարչապետի բարձրացրած օրակարգը, սակայն դրան քարոզչական մակարդակում արձագանքում է ոչ համարժեք՝ ինքզինքը պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Թերևս մինչև այն պահը, երբ կհրապարակվեն Փաշինյանի խոստացած անառարկելի փաստերը։
Կոնստրուկտիվ հորդոր եկեղեցապաշտպանի փիլոն հագած, բայց «տակից» իրենց քաղաքական-կլանային հարցերը լուծել փորձող գործիչներին՝ թերևս պետք է դադարեցնել եկեղեցու, որպես կառույցի, անունը շահարկելով ակցիա-պիկետ-զորակցություններ կազմակերպելը, եթե դրանց նպատակն, իհարկե, ցուցանելը չէ՝ Գարեգին Բ-ի հանրային աջակցության տոկոսը նույնքան կատաստրոֆիկ ցածր է, որքան ի պաշտպանություն իրեն փողոց դուրս եկածների թիվը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրերին, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի «գիտությամբ ու օրհնությամբ» Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «սրբազան շարժում» էր առաջնորդում և, խախտելով սահմանադրական նորմը, զբաղվում քաղաքականությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը, վերջինս իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշատակել էր ՀՀ ժողովրդի ազգային արժեքների ցանկը, որոնց մեջ էին նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը։
Ի դեպ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ (հոդված 8.1) ամրագրված է միմիայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Մեկ տարի անց սույն գրառման հեղինակին մեղադրել «եկեղեցու դեմ արշավ» սկսելու և կամ «ազգային կառույցի դեմ ոտնձգություն իրականացնելու» մեջ կա՛մ անբարոյականություն է, կա՛մ… նորից անբարոյականություն։
Խոսնակ Լրատվական