News Image

Առաջարկում եմ ամրագրել, որ պատգամավորների մոտ ընդունելություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապով. Բաթոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ շրջանառել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով առաջարկում է ամրագրել, որ քաղաքացու ցանկությամբ պատգամավորների մոտ ընդունելությունը կարող է կազմակերպվել նաև էլեկտրոնային կապի միջոցներով։

«Չնայած վերջին տարիներին քաղաքացիների դիմելիության ընդհանուր աճին՝ մարզերի բնակիչների մասնակցությունը շարունակում է մնալ անհամաչափ ցածր՝ համեմատած Երևանի հետ։ 2024 թվականին հերթագրված 840 քաղաքացիներից միայն 13.3%-ն էր մարզերից, իսկ 86.7%-ը՝ Երևանից։ Գրեթե նույն պատկերն է նաև 2025-ին․ 1142 քաղաքացիներից ընդամենը 14%-ն է եղել մարզերից, շուրջ 86%-ը՝ Երևանից։

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ բացառապես ֆիզիկական ընդունելության ձևաչափը ստեղծում է «աշխարհագրական արգելք» մարզերի բնակիչների համար և սահմանափակում հավասար հասանելիությունը պատգամավորների հետ հաղորդակցության հարցում։

Մինչդեռ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արդյունավետ և անխոչընդոտ կապ պահպանել քաղաքացիների հետ տեսազանգերի և այլ էլեկտրոնային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին այս գործիքները կիրառել եմ իմ նախաձեռնությամբ՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն։

Քաղաքացիների առաջարկով նպատակ ունեմ այս փորձը դարձնել օրենքով ամրագրված հնարավորություն՝ խրախուսելով, որ պատգամավորների ընդունելությունը քաղաքացու ցանկությամբ կարողանա կազմակերպվել նաև էլեկտրոնային ձևաչափով»,- գրել է Բաթոյանը:

Share