News Image

Առաջարկվել է Ազգային ժողովում ձևավորել նոր բարեկամական խմբեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա և Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձևավորելու մասին հարցը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանն Օմանի հետ ակտիվ քաղաքական երկխոսություն է սկսել: Նախորդ տարի Օմանում Հայաստանը բացել է ռեզիդենտ դեսպանություն, նպատակահարմար է նաև Ազգային ժողովում ունենալ Հայաստան-Օման բարեկամական խումբ:

Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ցանկություն է հայտնել Կոլումբիայի խորհրդարանը: Այդ նպատակով Կոլումբիան առաջարկել է ձևավորել միջխորհրդարանական բարեկամական խմբեր:

Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբի ձևավորման մասին հարցը քննարկման է ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական բարեկամական խմբեր ձևավորելու պայմանավորվածություն ձեռք է բերվել իր՝ 2025 թվականին Մեքսիկա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Դոմինիկանայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա մայիսի վերջին Դոմինիկանայի Հանրապետությունում արդեն ստեղծվել է բարեկամական խումբ:

Հանձնաժողովը դրական է գնահատել բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունները: Հարցերը քննարկվել են հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում:

Share