Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել է, որ ստացել է հարկերը հանած 6–7 միլիոն դրամի պարգևավճար։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տվյալ տեղեկատվությունը գաղտնի չէ և ժամանակին կհայտարարագրվի։
Նախարարի խոսքով՝ «Սա հավելավճար է, որը հանրության համար երևալու է որպես միանվագ գումար, սակայն ես համարում եմ, որ այն ներկայացնում է ամբողջ տարվա աշխատանքի դիմաց վարձատրություն»։
Գալյանը ընդգծել է, որ կառավարությունը ապագայում կարող է վերանայել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Ներկայում, սակայն, որոշվել է պարգևավճարները տրամադրել կառավարության կատարողականի հիման վրա՝ որոշակի տոկոսային հարաբերակցությամբ։
Նա նաև պարզաբանել է, որ պարգևավճարները տրամադրվել են ոչ միայն կառավարությունը ղեկավարող անդամներին կամ նախարարների տեղակալներին, այլև նախարարություններին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նախարարության առաջնահերթությունների կատարման ծավալը։