Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ։
Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը միտված է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացման օրակարգին՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային անվտանգության գործնական աջակցություն տեղում։
Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին։ Նրա խոսքով՝ արդեն համաձայնեցվել և ավարտին է հասցվել առաջին միջոցառումը, որի շրջանակում իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։
Ըստ ԵՄ դեսպանի, խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է:
«Անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով։ Անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներ են նաև կազմակերպչական կարողությունները, գործառնական ֆունկցիոնալությունը, թիկունքային ապահովումը և բուժծառայությունը։
Մենք աջակցում ենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ համագործակցելով Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ և կիսվում ենք Եվրամիության փորձառությամբ»,- մանրամասնել է դեսպանը:
Նա նշել է, որ կողմերը համաձայնության են եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին և այս եղանակով Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից։