News Image

Նաիրի Հունանյանն անուններ է տվել. նա գործակիցներ է ունեցել նախագահականում

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ այն նպատակին, որը դրվել էր «Հոկտեմբերի 27»-ի ոճիրն իրականացնելու հիմքում, շահառուները չեն հասել, իսկ նպատակը ՀՀ պետականության ոչնչացումն էր:

Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով 26 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած սպանդին:

«26 տարի շարունակ մենք ապրել են կենաց-մահու սահմանագծում՝ կլինի՞ ՀՀ պետականություն, թե՞ ոչ: Մեր պետության հետ տեղի ունեցած մի շարք դրամատիկ պատմություններ ուղիղ կապ ունեն «Հոկտեմբերի 27»-ի հետ: 44-օրյա պատերազմը ևս ուղիղ հետևանք է «Հոկտեմբերի 27»-ի, հիմքում ՀՀ պետականության չեղարկումն էր: Պուտինը պատերազմը չեղարկելու համար պահանջում էր Միութենական պետության մաս դառնալ: «Հոկտեմբերի 27»-ը ՀՀ-ում վասալիտետ ձևավորեց»,- ասել է Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ մեզ առաջարկվեց օգոստոսի 8-ին, կարող էինք ունենալ 1999 թվականին:

Քաղաքական գործիչը տարիներ առաջ պատգամավորի կարգավիճակում հանդիպել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանին: Ասում է՝ Նաիրիին ոգևորել և խրախուսել են գնալ արկածախնդրության՝ մանրամասնելով՝ ովքեր. «Վազգեն Մանուկյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հրանտ Մարգարյանը հավաստիացրել էին, որ եթե չի լինում Վազգեն Սարգսյանը, ՀՀ բոլոր խնդիրները լուծվում են: Նրանք անընդհատ հանդիպել են Նաիրիին և ոգևորել»:

Իսկ ինչպե՞ս է Բաբաջանյանը հանդիպել Հունանյանի հետ. «Նաիրին դիմում էր գրել, որ վաղաժամ արձակվի և իր առաքելությունը լիովին ավարտի, մեզ ազատի մորուսավորներից: Որպես պատգամավոր հանդիպեցի նրան: Ինքը վստահ է, որ հայ ժողովրդի կյանքում մեծ առաքելություն է իրականացրել»:

Ըստ Բաբաջանյանի՝ Նաիրի Հունանյանը գործակիցներ է ունեցել, որոնք ուղիղ կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի հետ. ««Հոկտեմբերի 27»-ից հետո էր հնարավոր «Գույք պարտքի դիմաց» գործարք պարտադրել: Օրվա իշխանությունները այդ աստիճան ճորտեր են եղել, վասալ, հարճեր»։

Քաղաքական գործիչը ուշագրավ է համարում, որ «Հոկտեմբերի 27»-ը նաև կաթողիկոսի ընտրության օրն է եղել:  «Նաիրիին ԱԺ ուղարկողները այնքան անաստված էին, որ հենց այդ օրն էին նրան ուղարկել խորհրդարան: Իմանալով, որ նման բան է եղել՝ այնուամենայնիվ, հայտարարում են կաթողիկոսի անունը: Շահառուների շրջանակը, որոնք «Հոկտեմբերի 27»-ի բերումով քաղաքական դերակատարություն են վերցրել ՀՀ-ում, Գարեգին Բ-ն նրանց հետ ունեցել է նույնական պատկերացումներ ՀՀ ապագայի վերաբերյալ, չի դիմադրել ՀՀ-ի դեմ տարվող քաղաքականությանը: Մարդիկ են գնդակահարվել փողոցում, եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից որևէ արձագանք լսե՞լ եք, որևէ կշտամբանք պետությունը կեղեքելու վերաբերյալ. եկեղեցին կանգնել է Քոչարյանի և քրեաօլիգարխիայի կողքին և լեգիտիմացրել ապօրինությունները»:

Անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութերին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահն ասում է՝ տեսանյութից հետո նա և Գարեգին Բ-ն, կորցնելու ոչինչ չունենալով, կարող են իրենց հետ խորտակման տանել ամբողջ եկեղեցին. «Այլասերվածության և պղծության իրականության առաջ ենք կանգնել․ սա չենք կարող անարձագանք թողնել: Եկեղեցին փրկելու համար պետք է եպիսկոպոսները նախաձեռնեն Արշակ սրբազանին հեռացնելու գործընթաց»:

Մեկնաբանելով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելը՝ զրուցակիցը ընդգծում է. «Գարեգին Բ-ի մտերիմ եպիսկոպոսը դեմ է եղել Տեր Արամին կարգալույծ անելուն»:

Բաբաջանյանը այն համոզմանն է, որ այսօր եկեղեցին խոնարհել է Քրիստոսի դրոշը և բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանի «դրոշը»:

«Գարեգին վեհափառը որոշել է, որ ի՞նքն է եկեղեցին: Չի կարող նման բան լինել: Պիտի ընդունեն ժողովրդի մեծամասնության որոշումը և հաշտ լինեն դրա հետ»,- շեշտում է նա:

Share