News Image

Պետք է մեծ հարգանքով վերաբերվել մյուս կողմի՝ այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին. Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

Մենք չենք պատրաստվում որևէ ապահարզան տալ որևէ գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերութուններում: Ընդհանրապես քաղաքականությունը և դիվանագիտությունն այդպիսի ապահարզաններ կարծեմ թե առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում: Այդ մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով մայիսին ՀՀ-ում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, ԵՔՀ-ի շրջանակում կազմակերպված միջոցառումներից հետո ՌԴ-ից հնչող հայտարարություններին, մասնավորապես՝ ՌԴ նախագահի՝ կողմնորոշվելու մասին հորդորին ու «քաղաքակիրթ ապահարզանի մասին հուշումին»:  

Այս համատեքստում Միրզոյանը հայտարարեց՝ ՀՀ-ն չի պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

«Մենք գործընկեր ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն:

Խնդիրներ կա՞ն. անշո՛ւշտ: Բայց կարծում եմ՝ խնդիրներ կան աշխարհում բոլոր հնարավոր հարաբերություններում, և միշտ էլ այդպես է եղել: Այդ խնդիրներին ուղղակի կոնստրուկտիվ քննարկում է պետք, լուծումներ է պետք գտնել: Ի վերջո, բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի՝ այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին:

Մենք շատ լավ հասկանում ենք, և ՌԴ-ից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են: Հնարավոր չէ՝ մենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ և դառնանք ԵՄ անդամ:

Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք, և երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել ա՞յս խմբի, թե՞ այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք: Այստեղ որևէ որոշում չկա: Դրսից չէ, որ մեզ պետք է այս մասին ասեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հակված են բոլոր ուղղություններով դրական, առողջ, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի վրա հիմնված համագործակցության:

Share