News Image

Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին

Էկոնոմիկայի նախարարությունը դիմում է գործարարներին:

«2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
 
Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի  և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
 
Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
 
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ականջին ինչ-որ բան ասել:

Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ խոսքը Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանն է վերաբերում։

Ըստ նրա՝ թուրքական կողմի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։

«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում, հիմա նրանք դա ձևակերպում են, որպեսզի ուղիղ, ոչ թե ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- պարզաբանել էր Փաշինյանը:

Share