News Image

ԱԺ-ում քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ 2025-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կայքի այցելուների թիվը հաշվետու շրջանում կազմել է մոտ 103 հազար, իրավախախտումների համար նշանակված տուգանքի չափը եղել է 1 մլրդ 940 մլն 322 հազար, որից պետական բյուջե է մուտքագրվել մոտ 1 մլրդ 84 մլն 309 հազար դրամ: Թույլատրված համակենտրոնացումների թիվը 2025 թվականին ամենաշատն է եղել ու հասել է 70-ի: Հարուցված իրավախախտումները եղել են 258-ը, իսկ եզրափակվածը՝ 265: Այս թվային ցուցանիշները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ի  հերթական նիստում ներկայացրել է  Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդումը:

Զեկուցողը մանրամասն ներկայացրել է նախորդ տարում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրավախախտումների պատկերն ու հանձնաժողովի ընդունած որոշումները:

«Օրենսդրական փոփոխությունները թույլ են տվել հանձնաժողովին կիրառել միջանկյալ միջոցներ՝ կանխարգելելու շուկայում անդառնալի բացասական հետևանքները»,- ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

ՀԴՄ սպասարկման շուկայում, ըստ Գեղամ Գևորգյանի, նախադեպային լուծում է կայացվել, ինչն էլ նպաստել է մրցակցության վերականգնմանը:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի առանձին լիազորություն է ոլորտային ուսումնասիրությունը: Այդ համատեքստում հանձնաժողովն ամեն տարի դիտարկում է առանձին ոլորտներ և ապրանքային շուկաներ՝ պարզելու ոլորտի իրավական կարգավորման բացերը, հնարավոր մուտքի խոչընդոտները, ոլորտում մրցակցության մակարդակը, ինչպես նաև մշակելու բարձրացված խնդիրների լուծման ուղիներ:

«Ոլորտային ուսումնասիրությունների շրջանակներում հսանձնաժողովի նպատակն է ոլորտում առկա իրավիճակի վերլուծումը, առկա մրցակցային իրավախախտումների բացահայտումը, ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնին ոլորտի զարգացման առաջարկների ներկայացումը»,- նշել է զեկուցողը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանձնաժողովի մրցակցության գնահատման, միջազգային համագործակցության, գալիք տարվա առաջնահերթությունները:

Գեղամ Գևորգյանը նաև սպառիչ պատասխաններ է տվել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել  են հանձնաժողովի գործունեությանը:

Հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն:

Share