Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և այդ մասին տեղեկացրել Իքսում:
«Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում։ Մեր շահերը համընկնում են՝ բաց պահել առևտրային ուղիները, պահպանել էներգամատակարարման անխափան աշխատանքը և մատակարարման շղթաների կայունությունը։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել այս առաջնահերթությունների շուրջ»,- գրել է Ֆոն դեր Լայենը։
Նա բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը՝ աջակցելու Իրանի հակամարտության դեէսկալացիային և դիվանագիտական կարգավորմանը։
«Մենք քննարկել ենք նաև արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը և Կիպրոսի հարցը, ընդգծել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացին բոլոր փուլերում»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։