Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ՌԴ նախագահը շարունակում է օգտագործել հին ԿԳԲ-ական և պարզունակ մեթոդները։
«Ինչ-որ մի վայրում իր «սիրելի գործով» զբաղվող Մեդվեդևի անունից սոցցանցերում պատասխանում է ԱՄՆ նախագահին՝ տեսնելու համար վերջինիս ռեակցիան։ Թրամփն էլ պատասխանում է «Մեդվեդևին»՝ լավ գիտակցելով՝ ով է կուրատորը։ Պուտինը այդպիսով ցանկանում է ցույց տալ, որ ինքը խնդիր չունի Թրամփի հետ, և երբ ժամանակը գա ու ԱՄՆ-ի կողմից հնարավոր իրական ճնշումներից հետո Մոսկվայի իրավիճակը վատանա, Թրամփին կասի, որ ինքը կապ չունի այդ «խելագարի» հետ, Թրամփն էլ երևի ցույց կտա, որ հավատում է։
Ի դեպ, Պուտինը այդպես է վարվում իր բոլոր խաղալիք-գործակալների հետ՝ անկախ նրանից՝ որ երկրում են նրանք գտնվում, և հայտնի «մերոնց չենք հանձնումը» ընդամենը կարգախոս է։ Քաղաքականության մեջ գործիք լինելը վտանգավոր է, ճշմարտություն նաև հայաստանյան ներքաղաքական իրողությունների համատեքստում։
Հ․ Գ․ Մի կարևոր հանգամանք. երբ որոշ «տարիներով քաղաքականության» մեջ գործող, բայց որևէ գիտական միտք չարտահայտած անձինք ուրիշներին դասեր են տալիս, մոռանում են, որ ում հետ այսօր հանագործակցում են, օրեր առաջ նրանցից բամբասում էին, և ում իրենք այսօր ծառայում են, նրանք ոչ միայն մաս են կազմել իշխանությանը, այլև փեսաների հետ փաստաթղթավորված կապեր են ունեցել՝ մաս կազմելով դաշինքների այդպիսի անձանց հետ։ Այնպես որ ծառայելու անհագուրդ և չգնահատված ցանկության ընթացքում մի հատ հարցրեք ձեր կուռքերին՝ արդյոք ձեզ հետ համաձա՞յն են այդ հարցում, և նոր հերոսություն արեք։
Եվ մի հարց. շատ հարգում եմ Արամ Սարգսյանի գործունեությունը, սակայն նա պաշտոն է զբաղեցրել Քոչարյանի օրոք և շատ բարձր։ Արդյո՞ք նա պիտի հեռանա քաղաքականությունից։ Միանշանակ ո՛չ, իմ կարծիքով»,- գրել է Դալլաքյանը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ տոնով էր արձագանքել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ պատերազմի սպառնալիքներով հայտարարությանը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ավելի վաղ «X»-ում գրառմամբ դիմել էր Թրամփին՝ խոսելով սպառնալիքներով:
Խոսնակ Լրատվական