«Ո՞ւր էիր Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր», հայտնի երգի հայտնի այս տողերը, եթե փոխենք, ապա այն բավական արդիական կարող է հչնել այս օրերին ի հյատ եկած կեղծ բարեպաշտների համար։ «Ո՞ւր էիք դուք, երբ 2020 թվականից հետո հոշոտվում էր Արցախը, ո՞ւր էիք, երբ ռուսական բանտում սպանվում էր հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանը, ո՞ւր էիք դուք, երբ Բաքվի բանտերում տանջամահ են արվում մեր ազգակիցները, այդ թվում նաև նա, ում ոտքերի տակ մարգարիտներ էիք շաղ տալիս, երբ Ռուսաստանից գործուղվեց Արցախ, խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին է։
Այս ամենի և ամենքի մասին մեր օրերի կեղծ բարեպաշտները մոռացել են, կամ ավելի ճիշտ համարձակություն, կամ հանձնարարություն չունեն խոսելու և մարտակոչեր հնչեցնելու, ինչպես դա անձնուրաց անում են ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի դեպքում։ Իսկ անում են, որովհետև իրականում նրանց դարդը Սամվել Կարապետյանի ճակատագիրը չէ, նրանք վաղուց «թքած» ունեն բոլորի ճակատագրերի վրա։ Իրենց գերխնդիրը՝ Հայաստանը կրկին ֆորպոստի ուղեծիր վերադարձնելն է, իսկ այդ գործում Սամվել Կարապետյանը հերթական գործիքն է։
Իբր Սամվել Կարապետյանի պաշտպանության օգտին այսօր խոսում են մարդիկ, որոնք երբեք ծպտուն չեն հանել, երբ այդ նույն Կարապետյանի մոսկովյան «տանիքը»՝ Արցախը սկուտեղի վրա հանձնեց Ալիևին ու դատարկեց հնամենի երկիրը։
Իրական Արցախը հանձնած և Հայաստանում վիրտուալ Արցախ «կառուցած» կեղծ բարեպաշտները սկսել են միմյանց հերթ չտալով հայտարարություններ տարածել և խոսել ընդդեմ ՀՀ իշխանությունների։
Տարբեր անկյուններում ծվարած երգիչները, դհոլ-զուռնա «չալողները», դաշնակցական տարբեր կալիբրի գլուխները՝ սկսել են ձեռքերը շփել և ճանճերի նման հավաքվել, որովհետև փողի հոտ են առել, որովհետև «ցարի» ուրվականի շողքն են տեսել։ Իսկ որտեղ փողը և «ցարի» ուրվականը՝ այնտեղ հակապետական «նվագախումբը»։
Սա մեր օրերի ցավալի իրականությունն է, իրականություն, որն արդեն ավելի քան 100 տարի պարանի նման փաթաթել են Հայաստանի վզից և խեղդում են։ Բայց այդ պարանը գնալով թուլանում է։ Թուլանում է, որովհետև ժողովուրդն ի տարբերություն, որոշ կեղծավոր բարեպաշտ «գլուխների» սկսել է զգալ պետականության համը, սկսել է զգալ ազատ, ինքնուրույն ապրելու կարևորությունը։ Եվ հենց սա է չարության գագաթնակետին հասցնում հակապետականներին, նրանք հասկանում են, որ իրենց նպատակին հասնելու համար պետք է տապալել ոչ միայն իշխանությանը, այլև ժողովրդի կամքը, իսկ դա արդեն բավական բարդ գործ է մի սեգմենտի համար, որը ժողովրդի մոտ վաղուց կորցրել է վստահությունը։
Խոսնակ Լրատվական