News Image

Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում կարծիք է հայտնել գործարար Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

«Մեծ հաշվով, կա երկու տարբերակ.

1. Սամվել Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, որ փորձի քաղաքական հետապնդում որակելով կանխի ՀԷՑ-ի կորուստը: Հայտնի մեթոդ է:

2. Ռուսաստանը, իր Կիրիենկոներով, Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման սխեմայում նաև Սամվել Կարապետյանին էր նախատեսել ու Հայաստանը նախահարձակ եղավ:
Երկու սցենարն էլ շատ հավանական են: Երկու սցենարից էլ մեր շուրջ բազմիցս տեսել են:

Եթե գործ ունենք առաջին սցենարի հետ, ապա Սամվել Կարապետյանի կալանքը, «Տաշիր Պիցցաների» նկատմամբ տեսչական հետապնդումները և հարակից այլ գործողությունները համաչափ չեն:

Բայց եթե գործ ունենք նախապատրաստվող հիբրիդային հարձակման հակազդեցության հետ, ապա ինչպես ցանկացած այլ հարձակման դեպքում՝ պետության հակազդեցությունը տեղին է:

Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, ո՞ր սցենարն է»,- գրել է Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:
Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

 

Խոսնակ Լրատվական

Share