«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու գործընկերները ՔՊԿ գրասենյակում հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների հետ, որոնք Հայաստանում են՝ գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Մանավազյանը՝ մանրամասնելով․
«Ողջունելով հյուրերին՝ կարևորել ենք կուսակցության բոլոր մարմիններում կանանց քաղաքական ներգրավվածության և ակտիվության աճը և դրա ազդեցությունը Հայաստանի քաղաքական մշակույթում։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք կուսակցության կանոնադրական մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կուսակցության ծրագրում, կանոնադրությունում և էթիկայի կանոնագրքում գենդերային հավասարությունը երաշխավորող դրույթները։
Ընդգծել ենք նաև կուսակցության տարածքային կառույցների խորհուրդներում կանանց ներգրավվածության դրական ազդեցությունը համայնքներում կանանց քաղաքական մասնակցության վրա։
Մտքեր ենք փոխանակել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև հետագա համագործակցության վերաբերյալ։