ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:
Քննարկվել են ԵՆԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում բանկի ներգրավման հնարավորությունները։
Ինչպես հայտնել են նախարարությունից, անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։
Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։
Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։
Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։