News Image

Այդ համակարգում անօրինականություններ են եղել, դուք էլ պաշտոն եք զբաղեցրել, սա ո՞նց հասկանանք․ Սուքիասյանի հարցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին

Ազգային ժողովում քննարկվում է Վահե Մկրտչյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածությունը։ Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց թեկնածուին՝ կապված թաղապետարանում նրա նախկին աշխատանքի հետ.

«Ինձ հետաքրքրում է՝ թաղապետարանում որ աշխատել եք, այդ տարիներին ի՞նչ իրավունքներ եք ունեցել: Թաղապետարանում, ուր դուք բավականին բարձր պաշտոն եք ունեցել, այսօր քրեական գործեր կան, որոնք վերաբերում են անօրինականություններին: Այսօր կոռուպցիայի հետ կապված գիտեք, որ շենք-շինություններ անօրինական ձևով սեփականաշնորհվել են, դուք այնտեղ ի՞նչ էիք անում այդ ժամանակ, կարող է ձեր իրավունքները շատ ավելի քիչ էին, բայց վերջին հաշվով այդ համակարգը լավ գիտենք՝ ինչ է եղել, դուք էլ երկար ժամանակ այնտեղ բավականին բարձր պաշտոն եք զբաղեցրել, սա ո՞նց հասկանանք»։

Դիտարկմանն ի պատասխան՝ Մկրտչյանը նշեց, որ երիտասարդ տարիներին է աշխատել Կենտրոնի թաղապետարանում՝ առաջին կարգի մասնագետից մինչև բաժնի պետի տեղակալ, զբաղվել է եկամուտների հավաքագրմամբ։

Սուքիասյանը փորձեց ճշտել, թե արդյոք նա հիշում է, թե ինչքան գումար էր հավաքագրվում․ «Ինձ կարո՞ղ եք ասել՝ այն տարիներին, երբ աշխատել եք, քանի՞ տոկոս եկամուտ է  հավաքագրվել, օրինակ՝ պետք է հավաքագրվեր X գամուր, դրանից ինչքա՞ն քիչ կամ շատ է հավաքագրվել։ Կհիշե՞ք գոնե մի քանի թիվ»։

Թեկնածուն ասաց, որ շատ վաղուց է դա եղել, իսկ բաժնի առջև դրված պլանային ցուցանիշները ձգտել են հավաքագրել, սակայն կոնկրետ ցուցանիշներ չնշեց:

Share