News Image

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամփոփիչ նիստը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ տարեվերջյան նիստը:

Նիստին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ որպես ՀՀՄՀ վարչության նախագահ: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով ՀՀՄՀ վարչության և հիմնադրամի գործադիր տնօրենության աշխատանքը և ՀՀՄՀ շրջանակում իրականացվող միջոցառումները և ընդգծել անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Դանիել Դանիելյանը ՀՀՄՀ վարչության անդամներին տեղեկացրել է նաև «Մեղրին՝ 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀՄՀ վարչության փոխնախագահ Միխայիլ Շվիդկոյը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսեյ Սազոնովը։

Օրակարգային հարցերից էին 2025 թվականի ընթացքում ՀՀՄՀ-ի իրականացրած ծրագրերի ամփոփումը, 2026 թվականի մշակութային միջոցառումների ծրագրի հաստատումը, Звезды содружества և Содружество дебютов մրցանակաբաշխությունների թեկնածուների ներկայացումը, ինչպես նաև 2026 թվականին ԱՊՀ երկրների ստեղծագործ մտավորականության հերթական համաժողովի կազմակերպումը:

Նիստի ընթացքում ՀՀՄՀ հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Անատոլի Իկսանովը։ Միաժամանակ որոշվել է, որ հաջորդ համատեղ նիստը կկայանա 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Աշխաբադում՝ ԱՊՀ ստեղծագործական մտավորականության համաժողովի շրջանակում։

Share