«2018 թվականի համեմատությամբ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106 հազար 697 մարդով՝ 19 տոկոսով: Ընդ որում՝ ինչի՞ եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին ՀՀ-ում թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող»:
Այս մասին Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱՍՀ նախարարի առաջ խնդիր է դրել թոշակառուների տնտեսական ակտիվացման ծրագրեր նախաձեռնելը:
«Հիմա մեզ մոտ ինչ ընկալում է, որ 63-ը թոշակի տարի՞ք է․ հա՛, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ ուրիշ վարժություն անենք. իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը:
Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուների՝ 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասել, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ն ի՞նչ տարիք է: Այսինքն՝ մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, ավարտվեց: Ո՛չ, 63-ում կյանքը չի ավարտվում, 63-ում կյանքը սկսվում է, և մենք մեր թոշակառուների կամ ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք: 63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա իր համար է պրոբլեմ, բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է պրոբլեմ»,- նշել է վարչապետը: