News Image

Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարար

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում Արդարադատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել և հանրային լայն քննարկումների փուլ է անցել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (ներկայում նախագծի անվանումն է՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենք)։ Այդ մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: 

Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և խտրականությունից իրավական պաշտպանության հիմքերը։

Անդրադառնալով հանրային ընկալումներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման նախաձեռնությունները տարբեր փուլերում մշտապես ուղեկցվում են քննարկումներով, երբեմն նաև դիմադրությամբ։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ երկրների փորձն է, երբ խոսքը վերաբերում է իրավահավասարության ինստիտուցիոնալացմանը։

Նախարարը շեշտել է, որ պետության խնդիրն է ապահովել ճիշտ հավասարակշռություն՝ մի կողմից շարունակելով հանրային բաց և գրագետ հաղորդակցությունը, մյուս կողմից՝ չդադարեցնելով և չհետաձգելով համակարգային բարեփոխումների իրականացումը միայն ընկալումների տատանումների պատճառով։

Նրա գնահատմամբ՝ ներքին հանրային ընկալումների տեսանկյունից այժմ աշխատանքն ավելի դյուրին է, քան 5-10 տարի առաջ, քանի որ միջավայրը զգալիորեն փոխվել է։ Մարդու իրավունքների, այդ թվում՝ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերում հասարակության ներգրավվածությունն ու ակնկալիքներն աճել են, իսկ հասարակության զգայունությունն առավել ակնառու է դարձել։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այդ տրամաբանությամբ հակախտրականության օրենսդրության ընդունումը դիտարկվում է որպես օրակարգային և անխուսափելի քայլ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համատեքստում։

Նախարարն ընդգծել է, որ մոտեցումը հստակ է՝ օրենքը պետք է ընդունվի, իսկ դրա հիման վրա ձևավորվող ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է լիարժեք գործարկվեն՝ ապահովելով Հայաստանի հետևողական դիրքավորումը որպես խտրականության դեմ պայքարի հանձնառու պետություն։

Share