Այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են Պենզայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի վրա՝ հայտնել է նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն: Նրա տվյալով՝ մեկ մարդ տուժել է, պահեստի 200 աշխատակից տարհանվել է։ Լրատվամիջոցների տվյալով՝ պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։
Հարձակման է ենթարկվել նաև Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստը, այնտեղ ևս հրդեն է բռնկվել, և մարդկանց տարհանում է իրականացվել։ Տուժածներ չկան։
The Moscow Times-ի տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը մեկուկես շաբաթվա ընթացքում շարքից հանել են Wildberries-ի ութ պահեստ՝ մոտ 860 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Սա շուկայի բոլոր պահեստային տարածքների 15,4%-ն է:
Ընկերության համար ամենամեծ կորուստը դարձել է մերձմոսկովյան Էլեկտրաստալի պահեստը. հուլիսի 18-ի հարձակումից հետո օբյեկտում այրվել է 250 հազար քառ. մետր, ինչպես նաև զոհվել է մեկ աշխատակից: