News Image

ՀՀ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է ու ցանկացած նոր կառավարություն գործում է այդ շրջանակներում. Իրանի դեսպան

Այսօր ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Իրանում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրություններին, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի ժողովուրդը այսօր առաջիկա 4 տարվա համար ընտրում է իրենց նախագահին, սրանք 14-րդ նախագահական ընտրություններն են, որ տեղի են ունենում ԻԻՀ-ում, ու սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը ու այն վարչակարգը, որը ստեղծվում է,  հիմնված են Իրանի ժողովրդի քվեի ու որոշման վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր ժամը 8-ից մեզ մոտ սկսվել են ընտրությունները ու Իրանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, այցելել են այստեղ ու իրենց ձայնն են տվել, սա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը իրենց համար կարևո՞ր է»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ առաջին ընտրատեղամասը գնվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդ՝ շրջիկ քվեատուփը, նախատեսված  է Իրանի այն քաղաքացիների համար, որոնք չենք կարող այցելել ընտրատեղամասեր:

«Համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ ու հետևողական հետևում են Իրանի նախագահական ընտրություններին ու լիահույս եմ, որ ընտրություններից հետո կունենանք այնպիսի արդյունք, որը կլինի ի նպաստ ինչպես Իրանի ու Իրանի ժողովրդի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա:

Հարցին՝  նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան -Իրան հարաբերությունների վրա, դեսպանը ընդգծեց.

«Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այդ քաղաքականությունը հնչեցվել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդի կողմից, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական  ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, որ  Իրանում և Հայաստանում   կառավարություն կարող է փոխվել»:

Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ Իրանի համար  Հայաստանը շատ կարևոր երկիր է:

«Հայաստանը մեր լավ և ազնիվ հարևանն է ու մեր սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխմամբ»,- ընդգծեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հիշեցնենք, որ այսօր Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:

Share