Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի (VLAP) գնահատման առաջին առաքելությանը։
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների ծրագրի` Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող՝ առաջին փուլի հենանիշների ուղղությամբ կատարված աշխատանքները, ներառյալ գործողությունների ծրագրի իրականացման՝ նախարարության իրավասությանն առնչվող ենթագործողությունների աղյուսակն ու դրանց իրականացման ժամանակացույցը։
Աննա Կարապետյանը մանրամասն անդրադարձել է՝
- հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում ձեռնարկված քայլերին,
- իրավական փոխօգնության ու դատական համագարծակցության մեխանիզմների կատարելագործմանը,
- անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին,
- դատաիրավական բարեփոխումներին,
- քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին,
- խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությանը։
Առաքելության անդամները բարձր են գնահատել գործողությունների ծրագրի ստացումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում ձեռնարկված աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունն ու հայկական կողմի պատրաստակամությունը:
Գնահատման արդյունքներով գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցը կներկայացվի 2026 թվականի առաջին կեսին: