News Image

Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է նախարարությունը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ոլորտային պատասխանատուների ու համայնքապետերի հետ նախարարը երկու օր շարունակ հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախ հետևել են Հյուսիս-Հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ  երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Այցելել են Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել և ներկա գտնվել թունելի հորատման վերջնական աշխատանքներին։ 

Այս ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։ Այն ներառում է երկու թունել և 17 կամուրջ։ Կամուրջների հենապատերի կառուցման աշխատանքները ևս մեծ թափով առաջ են ընթանում։

Այնուհետև այցելել են Նռնաձոր, որտեղ ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում՝ մոտ 10.1 կմ երկարությամբ։ Այս նորակառույց ճանապարհով Նռնաձորը կկապվի Մեղրիին և Սյունիքի մարզը կունենա ամբողջությամբ նոր ճանապարհ։ Տեղում շինարարին և մյուս պատասխանատուներին նախարարը  հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցումը և հետևել օրացուցային գրաֆիկին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 560 մլն ՀՀ դրամ է։ 

Պաշտոնյաներն այցելել և դիտարկել են նաև Կապան-Ծավ ավտոճանապարհի երկու հատվածների նորոգման աշխատանքները։

Աշխատանքային այցի երկրորդ օրն այց է կատարվել Խոտ-Որոտան նորակառույց ճանապարհ, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։

Այցելել են նաև Որոտան բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Վաղատին և Աշոտավան բնակավայրերն են եղել, որտեղ իրականացվել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ 

Վաղատինում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 1.7 կմ, իսկ Աշոտավանում՝ 10 կմ երկարությամբ ճանապարհ։ Երկու ճանապարհների ասֆալտապատումն էլ ավարտվել է, ընթացքի մեջ են ճանապարհների կահավորման աշխատանքները։

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը հանձնարարել է անշեղորեն հետևել կատարվող աշխատանքների որակին և ժամանակացույցին։ 

Այցի ավարտին Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում Խուդաթյանը ծանոթացել է սուբվենցիոն աշխատանքների ընթացքին, քննարկել համայնքում կառավարություն ֊ համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, առաջիկա անելիքները։

Share