News Image

ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվի, քանի որ այդտեղ վարձակալվել է ահռելի գումարների դիմաց:

«Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն այ սենց է ձեզ փրկելու: Իհարկե, Ազատությունը, Հրապարակը, Հետքը սա չեն տարածի:

Առաջիկա օրերին ՀԷՑ-ի գործող երկու սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվի դրանց անմիջական հարևանությամբ տեղակայված երկու նոր հասցեներ՝ Երվանդ Քոչարի 19/19 և Հրաչյա Քոչարի 13Ա։

Տարիներ ի վեր ՀԷՑ-ը «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղակայված իր սպասարկման սրահի վարձակալության համար վճարել է իր իսկ սեփականատերերին ամսական 2 մլն 184 հազար 550 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Մոտակայքում վարձակալած նոր տարածքի համար այսուհետև ՀԷՑ-ը կվճարի ամսական ընդամենը 666 հազար ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Իսկ «Ռիո» առևտրի կենտրոնում ՀԷՑ-ի սրահն իր իսկ սեփականատերերից վարձակալված է ամսական 2 մլն 564 հազար ՀՀ դրամով (հարկերը ներառյալ), այսուհետև նույն ծառայությունները կմատուցվեն մոտակայքում տեղակայված, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող վարչական շենքի տարածքում, որի համար ՀԷՑ-ն այլևս որևէ վճարում չի կատարի։

Արդյունքում միայն այս երկու որոշումների արդյունքում ՀԷՑ-ում կխնայենք տարեկան լրացուցիչ շուրջ 49 մլն ՀՀ դրամի միջոցներ։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Հարությունյանը:

Share