News Image

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստն այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման», «պաշտպանել պետական շահը», «ծառայել հանրային շահին» և այլ ձևակերպումներ:

«Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»»,- ասաց նախարարը:

Լիազորությունները ստանձնած Կառավարության անդամների երդման հին տեքստն է. 

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Share