Նախօրեին Զովունիում տեղի ունեցած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձե: Կրակողը Զովունու բնակիչ 46–ամյա Գևորգ Զաքարյանն է, ով ավելի շատ հայտնի է Արմեն անունով։ Մյուս երեքը Զովունու բնակիչներ չեն, տեղացիները նրանց չեն ճանաչում։
Թե ինչն է եղել վեճի պատճառը, այդ մասին որևէ տեղեկություն չկա, քանի որ թե սննդի կետի աշխատակիցները, որի դիմաց տեղի է ունեցել կրակոցը, թե հարևանությամբ գտնվող կրպակների աշխատակիցները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ։
Զովունու վարչական ղեկավարը ևս զերծ մնաց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ գործով զբաղվում են իրավապահները։
Ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 16-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։
Իրավապահները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները և դեպքի վայրում եղած մեկ մոտոցիկլ տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին, իսկ օպերատիվ տեղեկություններով մոտոցիկլավարը նույնպես տուժող է։