News Image

ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հզր ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա․Ա․-ն 2024 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող Հ․Դ․-ի հետ, մեկ այլ դատապարտյալ Է․Տ․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելով և վերջինիս ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ ներկայացել է իբր դատապարտյալների միջև առաջացած բոլոր խնդիրներին և հարցերին ինքնուրույն լուծումներ տվող անձ, որից հետո վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Է․Տ․-ին ներկայացրել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման համար գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գումարներ տրամադրելու պահանջներ, որի ընթացքում դանակի միջոցով բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել և նույն ժամանակահատվածում մաս-մաս ստացել են խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 10 հզր ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Նախաքննության ընթացքում Ա․Ա.-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթումը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Share