News Image

Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին

Հարգելի՛ գործընկերներ, անկեղծ ասած, երեկ մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, և դա տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է: Այս խոսքերով իր ելույթը խորհրդարանում սկսեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Շատ ա ձեզ սազում, տիկին Խամոյան»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Խամոյանին:

Պատգամավորն այնուհետև անդրադարձավ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչող քննադատական մեկնաբանություններին՝ կապված նրա՝ Թուրքիայում լինելու հանգամանքի հետ, որը, ըստ նրա, ընդդիմությունը ներկայացնում է որպես ապոկալիպտիկ իրողություն:

«Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ, որ դա ձեզ լավ տեղ չի տանելու»,- ասաց Ալեքսանյանը՝ նկատելով, որ նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ ընդդիմադիրները չօգտվեցին իրենց խորհուրդներից:

««Պատիվ ունեմ»-ը հայտնվեց չգիտեմ որտեղ, ճիշտն ասած, «Հայաստան» դաշինքը կրճատվեց գրեթե երեք անգամ իր թվով: Ու հիմա, երբ հարցնում եք պարոն Ռուբինյանին, նա թուրք տեսել է, թե ոչ, լավ կլինի՝ նախապես ստուգեք՝ արդյոք ձեր խմբակցության կազմում կա՞ն մարդիկ, որոնք, օրինակ, շփվել են ադրբեջանցիների, թուրքերի հետ: Որովհետև պարզվում է՝ կան: Ու եթե պարզվում է, որ կան, հանրության ու ձեր ընտրողների աչքում դա լավ բան չի նշանակում: Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանո՞ւմ եք»,- ասաց պատգամավորը:

Share