News Image

2024-05-04

10:21:09

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ անհնար է մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ ՀՀ քաղաքացիների առնվազն կեսի համար սա ընտանեկան պատմություն է, պատմություն՝ կապված երեք-չորս սերունդ առաջվա իր նախնիների հետ:

Անդրադառնալով ամեն տարի Ապրիլի 24-ին տեղի ունեցող մի շարք միջոցառումներին, այդ թվում՝ «Ջահերով երթ» նախաձեռնությանը՝ Մեհրաբյանը նկատում է՝ անտեսանելի ձեռքով Ապրիլի 24-ի օրը միանգամայն օտար մի ծես է ներմուծվել, որի այլընտրանքային տարբերակը պետությունը պետք է առաջարկի և առաջնորդի, որովհետև «Ջահերով երթ»-ը բավականին վատ պատմական զուգահեռներ ունի:

«Այդ դրոշ վառելը մարտնչող ողորմելիության դրսևորում է, ՀԱՄԱՍ-ի լակոտաահաբեկչական էսթետիկան, որ մտել է մեր առօրյա, կրկնում եմ՝ անտեսանելի ձեռքով և դարձել ինչ-որ չգրված արարողակարգ, որը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում՝ պետության թողտվության պայմաններում: Պետությունն այստեղ անելիք ունի, որովհետև զոհերի հիշատակն այդպես չեն հարգում: Երկրորդը՝ այդ դրսևորումը ոչ թե ուժի դրսևորում է, այլ մարտնչող ողորմելիության, պետություն ունեցողը պետության դրոշ չի վառում, նույնիսկ, եթե այդ պետությունը թշնամական է: Նման բաներ անում են Մերձավոր Արևելքում տեռորիստական բանդաները, որոնք զբաղվում են այդ գործողությամբ՝ իրենց անզորությունից ելնելով, ինչո՞ւ են ներմուծում հայկական իրականություն այդ ամենը: Երիտասարդների ուղեղը չի կարելի մխտռել այդ աստիճանի՝ ցույց տալով, որ այդ մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է, դա խայտառակություն է, այդ 2 մետրանոց կտորի կամ սիմվոլների վրա ինքնահաստատվում են: Դա մեր թշնամիներին կամ հակառակորդներին կամ պետության վատն ուզողներին որևէ վատ բան չի կարողանում անել, և միակ բանը, որ առաջացնելու է, արհամարհանքն է և խղճահարությունը: Բայց ինչո՞ւ ենք նման զգացումներ առաջացնում մեր նկատմամբ»,- ասում է Մեհրաբյանը՝ տեսակետ հայտնելով, որ պետությունը պետք է նման գործողություններն արգելի»,-ասել է նա:

Share