News Image

2024-05-03

13:56:01

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Այսօր Ստեփանավան այցի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանն ու կայացված որոշմանը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ:

«Ուզում եմ էլի ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար:

Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:

Սա կարևոր նրբություն է, որովհետև դուք գիտեք, որ 1988-1991 թվականներին տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում:

Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Բայց սա անկյունաքար է և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասել է վարչապետը։

Ըստ վարչապետի, այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որն առկա է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ընդհանրապես Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:

«Որովհետև եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share