Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը 42 էջանոց փաստաթուղթ է, բայց մենք 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետք է լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրենք պետք է լինեն մաքսիմալ համառոտ, որովհետև պետական պաշտոնյայի և ընդհանրապես մարդու ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսն է։
«Այն փաստաթուղթը, որը կարող է լինել 10 էջ, չպետք է լինի 11 էջ, այն ռազմավարությունը, որը կարող է լինել 15 էջ, չպետք է լինի 16 էջ, այն տեղեկանքը, որը կարող է լինել մի էջ, չպետք է լինի մեկուկես էջ։ Այն նախադասությունը, որը կարող է պարունակել երեք բառ, չպետք է պարունակի վեց բառ։
Ու սա ֆունդամենտալ խնդիր է։ Դասականը դեռ ասել է՝ կարճ գրելու ժամանակ չունեմ, դրա համար երկար եմ գրում։
Դոկտրինը վերաբերում է նաև կառավարման նոր կուլտուրային, սա շատ կարևոր բան է, եթե առավելևս պետական պաշտոնյան, պետական մարմինը մի հատ ուրիշ պետական մարմնի գրում է տեղեկանք, առաջին հերթին այդ տեղեկանքը պիտք է լինի կոնկրետ և մաքսիմալ կարճ, որովհետև եթե մենք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, վարչության պետին, գլխավոր մասնագետին թուղթ ենք ուղարկում, որ ինքը պետք է կարդա, ասենք, 10 րոպե, արդյո՞ք այդ 10 րոպեն այդ կարդալու վրա ծախսելը պետական ռեսուրսի, ամենաթանկ ռեսուրսի ժամանակի օգտագործման ամենալավ ձևն է: Ես ասում եմ՝ ոչ։
Եթե մենք հաշվենք, թե ինչքան ժամանակ ենք ծախսում կարդալու այն թղթերը, որը երկու էջի փոխարեն կարող էր լինել վեց տող, տեղեկանք, որտեղ ընդամենը պետք է լինի երեք թիվ, երեք տող, բայց գրվում է վեց էջ, 85 թիվ, 72 ֆայլ, դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանքը։
Այո, կարող է լինի այնպիսի տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տաստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, ես չեմ բացառում այդպիսի հանգամանք, այդպիսի գլուխգործոց տեղեկանքները թող լինեն նույնքան արժեքավոր»,– ընդգծեց Փաշինյանը։