News Image

Արժանին պետք է մատուցել ընդդիմության թշվառ վիճակն ախտորոշած տիկնոջը

Չգիտենք՝ սաստիկ շոգ եղանակի՞ց է, թե՞ այլ կողմնակի ազդեցությունների հետևանք, բայց ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ադեկվատության դաշտ վերադառնալու և իրենց վիճակը սթափ գնահատելու միտում են ցուցաբերում։ Գովելի է, ինչ խոսք։ «Վիճակ» ասելով նկատի ունենք նրանց հանրային աջակցության մակարդակը, որը, մեղմ ասած, մաշված, հյուծված, եթե կուզեք՝ հալումաշ եղած վիճակում է։ Այդ մասին, ի դեպ, վկայում են ոչ թե, այսպես ասած, «գրպանային սոցիոլոգները»՝ իրենց նկարած կամ, Սերժ Սարգսյանի ասած՝ «ինչքան ուզես, էդքան էլ խփենք» սկզբունքով ստացած տոկոսներով, այլ հանրային կարծիքի ուսումնասիրման հեղինակավոր կենտրոնները, մասնավորապես՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

Այս կազմակերպության կողմից իրականացված վերջին հարցումները վեր են հանել ուշագրավ պատկեր. «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին» հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես առաջին պատասխան նշել է հարցվածների 12 տոկոսը և որպես երկրորդ պատասխան՝ 13 տոկոսը։

Նկատենք՝ Փաշինյանը շարունակում է ամենաբարձր վարկանիշը ունենալ քաղաքական գործիչների շրջանում, սակայն միևնույն ժամանակ նշենք, որ վարչապետի վստահության տոկոսը որոշակի անկում է ապրել IRI-ի 2024-ի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքների համեմատությամբ՝ այդ ժամանակ 15 տոկոսն էր համարում Նիկոլ Փաշինյանին ամենից վստահելի և 16 տոկոսը՝ երկրորդ ամենավստահելի քաղաքական գործիչը։ Այսպիսի անկումը, նկատենք, սպասելի էր, եթե նկատի ունենանք ագիտացիոն այն ահռելի աշխատանքը, որը նախկին ռեժիմին սպասարկող քարոզչամեքենան իրականացնում է ընդդեմ կառավարող ուժի և դրա ղեկավարի՝ գործի դնելով հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը։

Հարցերի հարցը, սակայն, այն է, թե արդյոք քարոզչական այս ագրեսիվ ջանքերը՝ ուղղված Փաշինյանի վարկանիշի «մաշեցմանը», կարողացե՞լ են «աճեցնել» ռադիկալ ընդդիմության վարկանիշն այն աստիճան, որ ընդդիմադիր «իքս» լիդերը դիտարկվի որպես Փաշինյանի ռեալ այլընտրանքը՝ հավակնելով ՀՀ ապագա վարչապետի պաշտոնին։

Արդ, ի՞նչ պատկեր է IRI-ն վեր հանել ընդդիմադիր լիդերների, մասնավորապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ վստահելի քաղաքական գործիչ լինելու, այն է՝ դրական վարկանիշ ունենալու մասով։ Պատկերը, մեղմ ասած, անմխիթար է, եթե չասենք՝ ամոթալի։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն, օրինակ, թեև հիշյալ կազմակերպության՝ 2024 թ. սեպտեմբերի հարցումների համեմատ աճել է 2 տոկոսով՝ կազմելով 4 տոկոս, սակայն այսպիսի համեստ «աճը», թերևս, ոգևորվելու ազդակ չէ, այլ ընդդիմադիր լիդերության, այդ կարգավիճակում իրականացված քարոզչական աշխատանքի ծայրահեղ անարդյունավետության, եթե չասենք՝ ձախողման վկայություն։

Փաստորեն, 2021-ի հունիսից՝ ԱԺ վերջին ընտրություններից այս կողմ, անցած 4 տարիների ընթացքում երկրորդ նախագահին այդպես էլ չի հաջողվել իր հանրային վստահության մակարդակն ավելացնել այն աստիճան, որ գոնե մերձենա Նիկոլ Փաշինյանի վստահության տոկոսին։ Ավելին, այդ վստահության մակարդակն ուղղակի գահավիժել է այն «ստարտային» վստահելիության համեմատ, որով երկրորդ նախագահը 2021-ին մտել էր ընտրապայքարի մեջ և «միակ տղամարդու» ինքնավստահությամբ սպառնում էր «մինչև քոք մաշացնել» Փաշինյանի ռեյտինգը։

Վերհիշենք IRI-ի 2021 թ. ապրիլ-մայիսին անցկացված հարցման արդյունքները. 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի դրական վարկանիշը 20 տոկոս էր, Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ 10 տոկոս (Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը՝ 45 տոկոս)։ ՀՀ-ում իշխանությունը վերցնելու լրջագույն հավակնություն ցուցաբերած Քոչարյանն, արձանագրենք, 2026 թվականի ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ունի դրական վարկանիշի 16 տոկոս անկում։ Սա, թույլ տվեք հարցնել, ինչի՞ մասին է՝ «մինչև քոք մաշվելո՞ւ», թե՞ քոքից էլ ներքև մաշման պրոցեսում լինելու։ Նկատենք, որ իրեն Քոչարյանին այլընտրանք համարող մյուս ընդդիմադիր լիդերը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, վերոհիշյալ վերջին հարցման տվյալների համաձայն, ընդհանրապես չի ներառվել «վստահելի քաղաքական գործիչների» ցանկում, հետևապես վերջինիս ունեցած դրական վարկանիշը հօդս է ցնդել։

Նշենք, որ 2025 թ. հարցման արդյունքներով նրա գլխավորած ՀՀԿ-ն վայելում է 2 տոկոսանոց աջակցություն. ՀՀԿ-ի օգտին, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, կքվեարկեր հարցման մասնակիցների միայն 1 տոկոսը, այն դեպքում, երբ 2024-ին, 2023-ին, նույն կազմակերպության իրականացրած հարցումների արդյունքներով, այդ տոկոսը 2 էր։ Սերժ Սարգսյանի կուրացիայի ներքո գործող «Պատիվ ունեմ»-ին էլ կողմ կքվեարկեր հարցվածների 11 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4 տոկոսը (2024-ին և 2023-ին այդ դաշինքի օգտին քվեարկողների տոկոսը 1 էր։) Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը (նա չունի կուսակցություն) կողմ կքվեարկեր հարցվածների 1 տոկոսը։ Ավանդաբար, Քոչարյանի կուսակցություն ասելով նկատի է առնվում վերջինիս մշտապես սատարած ՀՅԴ-ն. ի դեպ, հարցվածների նույնքան՝ 1 տոկոսն էլ, ըստ IRI-ի տվյալների, կքվեարկեր ՀՅԴ-ի օգտին (այս կուսակցության օգտին քվեարկել պատրաստվողների տոկոսը 2024-ի սեպտեմբերի հարցման համեմատ նվազել է 1 տոկոսով)։

Ամփոփենք՝ ինչի՞ մասին են վկայում հիշյալ արդյունքները. մեկ բանի մասին՝ ՀՀ-ում միակ քաղաքական ուժն ու լիդերը, որոնք վայելում են հանրային ամենաբարձր վստահությունը, չնայած տոտալ հակաքարոզչությանը, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Նիկոլ Փաշինյանն են։ Նրանք էլ կհավակնեն ապագա խորհրդարանում լինելուն։ Սա է «դառը իրականությունը», որի հետ ընդդիմությունը, չնայած ժամանակ առ ժամանակ դրսևորվող «ղամազություններին», կարծեք ուզում է համակերպվել՝ այլընտրանք չունենալու հետևանքով։

Հ.Գ. «Լավ օրից չէ, որ այս իրավիճակն է, և եթե ժամանակ առ ժամանակ ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկել է, բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիր մյուս ուժերի վարկանիշը վագրային թռիչք է ապրել։ Սա վատ է, սա վատ օրից է, լավ օրից չէ, և ընդդիմությունը լուրջ անելիք ունի։ …Էդ իշխանության պարագային ընդդիմությունը պետք է բարձր վարկանիշ ունենար, քանի որ սա եղած բոլոր իշխանություններից ամենավատն է…»։ Այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր գործիչ է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նա այսպես է արձագանքել IRI-ի վերջին հարցման արդյունքներին։ Մեծ է գայթակղությունը՝ դիմելու տիկնոջը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի հայտնի հերոսի խոսքերով՝ «յա նե ուզնայու վաս վ գրիմե, կտո՞ վի տակայա…»։ Տիկին Եսայանին, անշուշտ, արժանին պետք է մատուցել՝ ընդդիմության թշվառ վիճակն այսպիսի ճշգրտությամբ ախտորոշելու համար, բայց մեզ մոտ տպավորություն է, թե ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը Եսայանի աշխահընկալմամբ այլևս ընդդիմություն չեն և բնավ պատասխանատու չեն ընդդիմությանը պատուհասած «վատ օրվա» ու ողորմելի վիճակի համար։

 

Խոսնակ Լրատվական

Share