News Image

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում:

Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է  Ղազախստանի իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:

Կողմերը քննարկել են նաև թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Մաուլեն Աշիմբաևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը:

 

Խոսնակ Լրատվական

Share