News Image

Քոչարյանը թող արխիվից հանի ու հրապարակի այդ փաստաթղթի այն կետը, որտեղ նշված է՝ Ղարաբաղը հանձնվում է ՀՀ-ին

Գաղտնազերծեք բանակցային փաստաթղթերը, հրապարակեք Քի Ուեսթի բանակցությունները՝ նախօրեին այս կոչն էին անում Քոչարյանի կուրացիայի ներքո ընդդիմություն աշխատող «Հայաստան» խմբակցության անդամները, մասնավորապես Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Քոչարյանի թիմը հատուկ է շեշտադրում Քի Ուեսթի բանակցությունները հրապարակելը, որոնք Քոչարյանի թիմը համարում է դիվանագիտական նվաճում, Ալիևից՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու համաձայնության կորզում, այսպիսով փորձելով մոռացության տալ դրան նախորդած գործընթացը՝ Ալիև-Քոչարյան տետ ա տետ քննարկումները, որոնք հայտնի են որպես «Փարիզյան սկզբունքներ», որոնց առանցքում էլ իբրև թե եղել է Մեղրիով Ադրբեջանին միջանցք տալու հարցը՝ Ղարաբաղը Լաչինի հետ ՀՀ-ին միացնելու դիմաց։

Զարմանալի է, սակայն, որ Ղարաբաղը Հայաստանին միացնելու «միակ վկայության»՝ քիուեսթյան գործընթացի աշխատանքային պլանը մինչև հիմա չի հրապարակել ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ նրա մոտ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանը։ Ինչո՞ւ, մի՞թե նախկին նախագահն ու նախարարն այնքան թափթփված են եղել, որ իրենց արխիվներում չեն պահել իրենց օրոք բանակցված առաջարկների պատճենները, որոնք հրապարակելու դեպքում կպայթեցնեն «իշխանական քարոզչությունն» ու կապացուցեն՝ հայ հայ է՝ Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին էին կցում, էն էլ… Ալիևը գործը «պռավալ տվեց»։

Հատկանշական է, որ Քի Ուեսթի բանակցություններին թերևս վերջին անգամ Քոչարյանն անդրադարձել է «Ազատություն» ՌԿ-ին 2016 թվականի սեպտեմբերին տված հարցազրույցում։ «Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն, հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- նշել էր Քոչարյանը։

Թե այդ փուլում, թե նաև այսօր Քոչարյանն ու նրա քարոզչաթիմը փորձ են անում մտայնություն ստեղծել, թե արդեն պատրաստի փաստաթղթում գոյություն ուներ ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու մասին դրույթ, ավելին՝ այն արդեն պատրաստության այն աստիճան էր բերվել, որ մնում էր ընդամենը ստորագրել։ Իրո՞ք արդպես է, թե՞ դա մի «հում» փաստաթուղթ էր, որի շուրջ կողմերը դեռ վերջնական շրջանակային համաձայնության չէին եկել, ունեին տարաձայնություններ, որոնց շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերվեր ընթացիկ բանակցությունների արդյունքում։

Քիուեսթյան բանակցությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ կազմելու համար թերթենք «պատմության սևագրերը»՝ այդ օրերի մամուլն ու մի քանի ուշագրավ մեջբերում անենք։ Նախ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի այն օրերի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը քիուեսթյան բանակցություններից ամիսներ առաջ բացատրում էր, թե Ալիևի և Քոչարյանի միջև սկզբունքային համաձայնություն ձեռք չի բերվել, նրանք «չեն բանակցում խնդրի կարգավորման մանրամասների շուրջ, այլ փորձում են փոխադարձաբար ընդունելի սկզբունքներ գտնել» («Ազգ», 28.2.2001թ.): ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էլ ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել էր՝ Քի Ուեսթի «ռաունդը» նախկին հանդիպումների շարունակությունն է, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: («Ազգ», 24.3.2001թ.): Իսկ ահա «Առավոտ»-ը

«Քի Ուեսթը կդառնա՞ նոր Դեյթոն» վերնագրի ներքո այդ օրերին գրել է (https://www.aravot.am/2001/03/17/790735 /). «Ըստ մեր տեղեկությունների, քննարկման (Քի Ուեսթում-խմբ.) առարկա է դառնալու հատկապես հակամարտության լուծման այն նախագիծը, որով նախատեսվում է գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական զորքերը, բացել Ադրբեջան-Նախիջևան միջանցքը, ինչը նշանակում է, որ Մեղրիի «տարածքների փոխանակման» տարբերակն, այնուամենայնիվ, իրականանում է, և Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղաբաշխել խաղաղապահ ուժեր։ Չհամաձայնեցված դետալներից մեկը վերաբերում է նրան, թե փախստականների վերադարձը պետք է նախորդի՞, թե՞ հաջորդի խաղաղապահ ուժերի տեղաբաշխմանը։ Ընդ որում, չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է հետաձգվել՝ այնպես, ինչպես կար 97-ի «Փուլային» տարբերակում։ Հնարավոր է նաև, որ ԼՂ-ին տրվի առավել բարձր ինքնուրույնության կարգավիճակ՝ ինչպիսին ամրագրված է 98-ի «Ընդհանուր պետություն» տարբերակում։ Սակայն այս երկու տարբերակների և այսօր քննարկվող առաջարկի շեշտակի տարբերությունն այն է, որ այժմ ավելացել է «Մեղրիի միջանցքի» բացման հարցը, այսինքն՝ սակարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչը փոխում է բանակցությունների ամբողջ իմաստն ու բովանդակությունը»։

«Առավոտ»-ի 2002 թվականի համարներից մեկում էլ «Քիուեսթյան սկզբունքները հայտնի են» վերնագրի ներքո «Առավոտ»-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Տարեգիր»-ի հետ ունեցած զրույցում արած գաղտնազերծումը։ «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ խաղաղության գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը: Նաև խոսում էր կոմունիկացիաների մասին: Սա արդյոք ա՞յն չէ, ինչի մասին դուք շարունակ խոսում եք» հարցին՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է. «Այսօր մենք գտնվում ենք ոչ հայանպաստ լուծման տարբերակի առջև, դրա պատճառը Քոչարյանի՝ Մեղրիին առնչվող տարբերակի բանակցությունների մեջ մտնելն է: Այսպիսով ստացվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են մասնակցում այդ խնդիրների լուծմանը»։ Նախկին պաշտոնյան այնուհետ բացահայտել է խնդրո առարկա պլանի էությունը. «Քիուեսթյան պայմանավորվածությունները գաղտնի են պահում: Ի՞նչ կա այդտեղ գաղտնի. Ադրբեջանում դա հայտնի է: Հետևյալ մոտեցումն է առկա. ազատագրված տարածքները վերադարձվում են, Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում, բայց ունի հատուկ կարգավիճակ, Շուշին և շրջակա 5 գյուղերը տրվում են Ադրբեջանին: Այստեղ մնում է Հայաստանի հետ կապի հարցը, որն առնչվում էր Մեղրիի կարգավիճակի հետ: Հիմա հարթությունը փոխվել է, երբ Մեղրիի տարբերակն օրակարգում էր, տեսան, որ Հայաստանի հանրությունը դա չի ընդունում, սկսեցին նոր ձև փնտրել: Սկսեցին կոչել «կոմունիկացիա», բայց իրականում ոչինչ չի փոխվում: Իսկ կապը կախված է նրանից, թե ինչ կարգավիճակով մենք կտրամադրենք Մեղրին: Կզիջե՞նք Մեղրին, կստանանք Լաչինը: Կտրամադրե՞նք Մեղրին միջազգային ուժերի հսկողությամբ, կստանանք Լաչինի միջանցքը նույն կարգավիճակով: Եվ հենց այնպես չի, որ Օսկանյանն ու Քոչարյանը սկսեցին ասել, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Երբ Քի Ուեսթում որոշվեց, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, դրանից հետո նրանք այդ քայլին են գնում՝ ասելով, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Դրանով իսկ փաստվում է բանակցություններում Ղարաբաղի այսօրվա կարգավիճակը: Ամփոփեմ. մեզ կանգնեցնում են այնպիսի մի դրության առջև, որը կամ կհանգեցնի Ղարաբաղի կորստին, կամ կմղի Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակին»:

«Երբ առաջին անգամ մամուլ սպրդեցին կցկտուր լուրերը, թե շրջանառության մեջ են Մեղրիի փոխանակման շուրջ խոսակցությունները, իշխանությունները կարիք չունեին որևէ կերպ արձագանքելու։ Դա այնքան անհավանական, անտրամաբանական և անընդունելի էր թվում, որ լրջորեն կողմնակիցներ ու հակառակորդներ ունենալ չէր կարող։

Մոտավորապես ապրիլին թեմային փոքր-ինչ լրջություն հաղորդեց Երևանի ֆոնդային բորսայի տնօրենի խոստովանությունը, թե գործարարների հետ մի հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Մեղրին Ադրբեջանին զիջելու և դրա դիմաց դրամական ու հողային փոխհատուցում ստանալու ինչ-որ մտքեր։ Ամռանն արդեն լրատվամիջոցների տրամադրության տակ էր լոսանջելեսյան մի հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Օսկանյանի կողմից արված հայտարարության՝ երևի թե պատահաբար պահպանված ձայնագրությունը։ Արտգործնախարարը ասում էր, թե Մեղրիի փոխանակման ծրագիրը կարող է քննարկման առարկա լինել։ Իշխանությունները եթե սկզբում ընդհանրապես մերժում էին փոխանակման տարբերակների գոյությունը, հետագայում սկսեցին ընդունել, թե այո, դրանք եղել են… բայց մերժվել են։ Որտեղի՞ց երաշխիք, թե իշխանություններն այս անգամ իսկությունն են ասում։ Մինչդեռ գոյություն ունի ավելի էական խնդիր՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պատերազմում հաղթանակած Հայաստանին սեփական հողերը զիջելու տարբերակ հրամցնել»,- գրում է «Առավոտ»-ը իր մեկ այլ հրապարակման մեջ։

«Ազատություն» ՌԿ-ի 2002 թվականի հունիսի 19-ի արխիվային նյութից էլ տեղեկանում ենք, որ հունիսի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել էր, թե 2001 թվականի մարտին Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ փոխանակել Մեղրիի և Լաչինի միջանցքները: «Քննարկումների ժամանակ նշվել էր, որ Մեղրին լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Լաչինը՝ Հայաստանի: Նախագահ Շիրակը հատկապես շեշտել էր սա՝ նշելով, որ երկու միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը»,- ասել էր Ալիևը՝ ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունը Քի Ուեսթում խախտել է հայկական կողմը: Արձագանքելով Ալիևի այս պնդմանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը հայտնել էր. «Մի քիչ զարմանալի է, որ նախագահ Ալիևը այդպիսի հայտարարություն է արել, քանի որ Փարիզում, իսկ դրանից հետո Քի Ուեսթում ընթացած բանակցությունները չեն կարող հրապարակվել։ Դրանք գաղտնի են և պետք է գաղտնի պահվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական համաձայնություն չի կայացվել երկու կողմերի միջև»: Եվ մինչ Ալիևը «փոխանակման» մասին էր հիշեցնում, Հայաստանի պաշտոնյաները հերքում էին վերջինիս պնդումը։

Մի քանի օր անց՝ հունիսի 18-ին, «Ազատության» փոխանցմամբ, ԼՂ կարգավորման «Փարիզյան սկզբունքների» իր տարբերակն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը՝ ենթադրություն հայտնելով, թե «Ալիևի հայտարարությունը տարածքների փոխանակման վերաբերյալ ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակ է հետապնդում»: Երկրորդ նախագահը, նկատենք, նաև կոշտ բնորոշումներ ու սպառնալիքներ էր ուղղել իր պաշտոնանկությանը հետամուտ ընդդիմադիր պատգամավորներին: Խոսելով 2001 թվականի մարտին Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում տարածքների փոխանակման վերաբերյալ իբր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Քոչարյանը նշել էր. «Խոսքը գնացել է Ղարաբաղի և Հայաստանի միջև սուվերեն միջանցքի մասին [Լաչինի միջանցքը]: Մեղրիով խոսքը միշտ գնում էր միայն ճանապարհի, հաղորդակցության իրավունքի մասին»։ Այլ պայմանավորվածություններ, ինչպես ասել էր Քոչարյանը, չեն եղել:

«Միջանցքների կարգավիճակի վերաբերյալ երկու նախագահների հայտարարությունների տարաձայնության վրա լույս կարող է սփռել Քի Ուեսթում ձևավորված նախնական փաստաթղթերի հրապարակումը: Սակայն նման մտադրություն հայկական կողմը չունի»,- գրում է «Ազատություն»-ը՝ շարունակելով մեջբերել Քոչարյանի խոսքերը. «Մենք, իհարկե, փաստաթղթերն ունենք։ Հրապարակելու անհրաժեշտություն, իմ կարծիքով, հիմա չկա»: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւէ Ալիևը որոշել հիմա հանդես գալ «փարիզյան սկզբունքների» գոյության խոստովանությամբ և միջանցքների փոխանակման մասին հայտարարությամբ, երկրորդ նախագահը ուշագրավ պատասխան էր տվել՝ Ադրբեջանում բոլոր եզրակացությունները, կարծես, անում են՝ հիմնվելով Հայաստանի ընդդիմադիր մամուլի վրա: Իսկ ըստ այդ մամուլի՝ Ադրբեջանում երևի տպավորություն է ստեղծվել, թե Քոչարյանի վիճակն այնքան վատ է, որ եթե մի բան էլ ավելացնեն, վիճակը կպայթի, ու բանակցային գործընթացում «ոչ հարմար» Քոչարյանից կազատվեն:

«Կարծում եմ՝ իրենք մտածում էին, որ սրանով ինչ-որ նոր նյութ են տալիս ընդդիմությանը նախագահ Քոչարյանի դեմ ակտիվ գործունեություն ծավալելու համար»,- ասել էր նախկին նախագահը, որն, ի դեպ, այսօր լինելով ընդդիմության լիդերներից մեկը՝ վարվում է ճիշտ այնպես, ինչպես իր օրոք վարվում էր ընդդիմությունը՝ ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա իշխանությանը տարատեսակ զիջումներ վերագրում, Ալիևի մոտ այնպիսի տպավորություն ստեղծում, թե Նիկոլ Փաշինյանի վիճակն այնքան վատ է, որ եթե մի բան էլ ավելացնեն, վիճակը կպայթի, ու կազատվեն բանակցային գործընթացում «ոչ հարմար» Փաշինյանից։

«Առավոտ»-ի 2004 թվականի արխիվային նյութում էլ կարդում ենք. «Թեև մինչ օրս էլ ՀՀ իշխանությունները հերքում են, թե այդ տարբերակի (Քի Ուեսթի-խմբ.) հիմքում եղել է հենց տարածքների փոխանակման սկզբունքը, այդուհանդերձ նման պնդում ընդամենը վերջերս արեց Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ, հասարակական գործիչ Արզու Աբդուլաևան: Ըստ նրա՝ այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել ԼՂ հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման առաջարկը, որը ներկայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին: «Առաջին անգամ այս մասին խոսել է Սախարովը դեռ 1988 թվականին: Այն ժամանակ դա նույնիսկ հակամարտությանն անպատրաստ մեր հասարակությունների կողմից ընկալվեց որպես բացարձակ անհեթեթ և անմարդկային: Ավելի ուշ նույն այս տարբերակն առաջարկվեց Պոլ Գոբլի կողմից: Այսօր էլ տարածքների փոխանակման տարբերակը, որպես հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետև կարգավորման տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ այդ տարբերակին, այնուամենայնիվ, վերադառնում են: Նման առաջարկ հնչել է նաև վերջերս՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից: Նման վերջին առաջարկության ժամանակ դա հնչել է որպես հաղորդակցական միջանցքների փոխանակում, որը ենթադրում էր Լաչինի և Մեղրիի միջանցքների փոխանակում: Եվ քանի որ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հասարակությունները պատրաստ չէին այդ տարբերակին, դրա կենսագործումը երկուստեք մեծ դժվարություններ էր հարուցել»,-պարզաբանել էր Աբդուլաևան:

Շարունակելի…

 

Խոսնակ Լրատվական

Share