Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում Արարատի մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ՝ 2023 թվականի 3960 քրեական վարույթի դիմաց: 2024 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում՝ 2023 թվականին կայացված 830 որոշման դիմաց:
2024 թվականի ընթացքում քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով կայացվել են եզրափակիչ դատավարական ակտեր, մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ (2023 թվականին 412 քրեական վարույթ՝ 440 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 346 միլիոն 616 հազար ՀՀ դրամի (շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք (2023 թվականին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022 թվականին՝ 5 միլիոն 630 հազար դրամի գույքային վնաս):
2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում իրավասու մարմնի կողմից 1 դեպքում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության գործունեությունը, 2 դեպքում տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարներ ազատվել են աշխատանքից:
2024 թվականի ընթացքում Արարատի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք գտնվում են ընթացիկ փուլում, ինչպես նաև իրավասու դատարան է ներկայացրել 4 հայց՝ ընդհանուր 105 միլիոն 185 հազար դրամ հայցագնով:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի խոսքով՝ մարզի տարածքում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի կանխարգելման նպատակով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքում Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկություններ՝ համապատասխան իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Դատախազությունը նաև առաջարկել է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ:
Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտն ու ընդգծել, որ դատախազական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ է հետևողական լինել, որ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները դառնան հանրային բարիք, դրանք ծառայեն հանրօգուտ նպատակներին:
Աննա Վարդապետյանը Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:
Խոսնակ Լրատվական