ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Կանադայի տնտեսությունը չկարողանա դիմակայել նոր մաքսատուրքերին, ապա գուցե ավելի լավ կլինի, որ նա դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։
Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զրույցին ներկա երկու աղբյուրների։
«Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն տուժում է նաև Կանադայի առևտրի և միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների, ինչպես նաև դրանց հետ գլուխ հանելու անկարողության պատճառով, ուստի քաղաքական գործիչը կատակով առաջարկել է Թրյուդոյին երկիրը դարձնել 51-րդ ամերիկյան նահանգը, իսկ նա դառնա նրա նահանգապետը»,- հայտնում է հեռուստաալիքը։
Ի պատասխան՝ Թրյուդոն նշել է, որ նման տուրքերի ներդրումն անհնարին է, քանի որ դա կարող է ամբողջությամբ ոչնչացնել երկրի տնտեսությունը։ Ամերիկացի ապագա առաջնորդը սրան արձագանքելով ասել է, որ այս իրավիճակում Կանադան գործնականում չի կարողանում գոյատևել՝ առանց ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլար «պոկելու»։ Այս խոսքերին հետևել է կատակը։