News Image

3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման օրը որոշված է. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան հայտնել է, թե Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է. 

«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասել է նա։

Դեսպանը նաև նշել է, թե Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ. «Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից, և մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանել»։

Նա վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է» Իրանի համար. «Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին, այդ թվում, այսպես կոչված, «միջանցքի» տեսքով, իրականություն չեն դառնա»,– ասել է դեսպանը։

Share