Հելսինկյան երկկուսակցական հանձնաժողովի անդամները, Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարությունը, ինչպես նաև Կոնգրեսի այլ բարձրաստիճան անդամներ այցելել են Հայաստան՝ սեփական աչքերով տեսնելու Հելսինկյան քաղաքականության պտուղները:
Հանձնաժողովի անդամները նշել են Հայաստանի բարդ ռազմավարական իրավիճակը, ինչպես նաև ժողովրդավարական օրինակը տարածաշրջանում և հասարակական-քաղաքական կոնսենսուսը՝ հօգուտ եվրոպական ապագայի:
ԱՄՆ Սենատում սեպտեմբերի 10-ին կայանալիք այս լսումների նպատակն է ուրվագծել այն ուղիները, որոնցով Միացյալ Նահանգները և Կոնգրեսը կարող են աջակցել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդավարական ուղին, ապահովելու նրա ինքնիշխանությունը, խաղաղություն հաստատելու, կարգավորելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները։
Ելույթ կունենան՝ Քարնեգի հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փոխնախագահ և ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերը, Հարավային Կովկասի անվտանգության հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը և Երևանում ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ և հիմնադիր Տիգրան Գրիգորյանը։