News Image

Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում. Կոպիրկին

Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին։

Այս մասին «Союзники. ОДКБ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրացնել ՀԱՊԿ գծով միջոցառումների համալիրը՝ ուղղված Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիտորինգային առաքելության ուղղորդում, սահմանապահ զորքերի ուսուցման աջակցություն։

Ցավոք, ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը որևէ կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքագրելով։ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները: Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տուն»,- ասել է Կոպիրկինը։

Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։ Կոպիրկինի հավաստմամբ՝ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան հաջողությամբ հարթակ է տրամադրել Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների համար և պատրաստ է դա անել ապագայում։

Share