News Image

Հութիները Կարմիր ծովում հարձակվել են Blue Lagoon I տանկերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հականավային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Կարմիր ծովում գտնվող Blue Lagoon I տանկերը գրոհելու համար: Այն Պանամայի դրոշի ներքո հում նավթ էր տեղափոխում, հայտնում է kommersant.ru-ն:

Լրատվամիջոցների տվյալներով՝ նավին լուրջ վնաս չի հասցվել, հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Անսար Ալլահ»-ի ռազմական խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ Blue Lagoon I-ի սեփականատերը խախտել է «օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ» անցնելու արգելքը։

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հութիները հարձակվել են հում նավթ տեղափոխող երկու տանկերի վրա՝ Blue Lagoon I-ի և Սաուդյան Արաբիայի պատկանող Amjad-ի: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ երկու նավերն էլ նավարկել են կողք կողքի և հարձակումից հետո շարունակել նավարկությունը «առանց լուրջ վնասների»։

Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում, Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում տեղի են ունենում 2023 թվականի նոյեմբերից։ Նրանք, ի նշան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցության, հարձակվում են նավերի և տանկերների վրա, որոնք կապված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետ:
 

Share