ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը:
Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերին համահունչ տարբեր ոլորտներում գործընկերությունը խորացնելուն ուղղված քայլերին: Այս համատեքստում ընդգծվել է նախարարի այցի ընթացքում Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման կարևորությունը՝ միտված Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության առավել ակտիվացմանը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև բարձրաստիճան այցերի աճող դինամիկան, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում։
Նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության հարցերում:»