News Image

Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար, հայտնում է timesofisrael.com-ը՝ Walla պորտալին հղումով:

Իսրայելի հետախուզական ծառայությունների պատրաստած ստորգետնյա բունկերը նախատեսված է մի քանի հարյուր մարդու համար:

Այն գտնվում է Ալ-Քուդս շրջանում (Երուսաղեմ) և ունի աշխատասենյակներ, բնակելի տարածքներ, պաշտպանության նախարարության հետ կապի կենտրոն։ Բունկերը պաշտպանված է հրթիռային հարձակումներից։

 Նշվում է, որ շուրջ 20 տարի առաջ կառուցված բունկերը վերջին տասն ամսում, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են, Նեթանյահուի կողմից չի օգտագործվել:

Նշենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: 

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք:

Share