News Image

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ճանապարհին եղած խնդիրների ավելի քան 90 տոկոսը լուծվել է․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Շոլցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի մեջ խաղաղության հաստատման  մասին հարցին։

«Դուք Հայաստանի և Ադրբեջանի մասին ասացիք, որ սա կարող է խաղաղության տարի լինել։ Ի՞նչ եզրակացություններ կարող եք անել այսօրվա զրույցներից։ Մենք հասկացանք, որ պատվիրակությունների հարաբերությունները բավականին լարված են, և միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ տեղի չի ունեցել։ Այսպիսով, ի՞նչն է ձեզ ստիպում դրական միտում զգալ այս հարցում»,- ուղղել են հարցը Շոլցին։

Հարցին ի պատասխան՝ կանցլերը նշել է, որ երկու երկրներն էլ միմյանց հետ ինտենսիվ բանակցություններ են վարում, համեմատաբար հաճախակի և կառուցողական, այնպես որ կոնկրետ հարցերի շուրջ արդեն իսկ տեսանելի են բազմաթիվ կոնկրետ պայմանավորվածություններ։ «Եվ բոլորը, ում հետ ես խոսել եմ այստեղ, կարծում են, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ճանապարհին կանգնած խնդիրների ավելի քան 90 տոկոսը լուծվել է: Ես բանակցություններից գիտեմ, որ վերջին տոկոսը երբեմն կարող է լինել ամենածանրը, բայց ես ասում եմ, որ ես սրան շատ ավելի հույսով եմ նայում, քան, օրինակ, անցյալ տարի»,- նշել է նա։

Share