Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում կրկին ցնցումների մեջ են ընկել, այս անգամ՝ կառույցի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն խիստ «հուզվել» է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտնած տեսակետների հետևանքով:
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, Մակրոնը «թև է տալիս» Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը և ցուցաբերում կողմնակալ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ:
«Սա տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ է։
Հիշեցնում ենք ֆրանսիական կողմին, որ պատերազմը մեր երկրի օրինական իրավունքն էր միջազգային իրավունքի շրջանակներում։ Ադրբեջանի ցանկացած ջանքեր, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են արդար նպատակի իրականացմանը։ Սակայն դա չի կարելի ասել Հայաստանի հետ կապված, որը օկուպացիոն պետություն է»,-բարձրագոչ հայտարարել է Հաջիզադեն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր երկրի բոլոր հանցանքները կրկին վերագրել է Հայաստանին, հայտարարել, թե Հայաստանն է շուրջ 30 տարի օկուպացված պահել ադրբեջանական տարածքները, իբր վտարել «միլիոնավոր» ադրբեջանցիների, կոտորածներ ու հանցագործություններ կատարել մարդկության դեմ:
«Հիշեցնենք նաև, որ Ֆրանսիայի նման պետությունների քաղաքականությունն էր, որը չնպաստեց հակամարտության խաղաղ կարգավորմանը գրեթե 30 տարի: Դրա հետ մեկտեղ մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը չեն ծառայում խաղաղությանը և ապակայունացնում են տարածաշրջանը»,-հայտարարել է Հաջիզադեն: