Երեկվանից համացանցում քննարկվում է «Ջիջի» տաքսի ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի գրառումներից մեկը:
Բանն այն է, որ վերջինս ակտիվ աջակցում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժմանը և իր գրառման մեջ նա նշել էր, թե «եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»:
Նրա այս գրառումը խիստ դժգոհություն է հարուցել օգտատարերի շրջանում: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարում՝ հայտնելով, որ դադարում են օգտվել տաքսի ծառայությունից, քանի որ տնտեսվարողը քաղաքականությունն ու բիզնեսը կապում է իրար հետ:
Համացանցում, կարելի է ասել, ֆլեշմոբ է սկսել, և մարդիկ մեկը մյուսի հետևից հայտնում են, որ ջնջում են հավելվածը իրենց հեռախոսներից:
Ուշագրավ է, սակայն, որ քննադատությունների այս ալիքից հետո Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում հիշատակված գրառումն այլևս նկատելի չէ. հավանաբար նա ջնջել է այն: