«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՆՑԱՆՔ` ՔՐ.ԳՈՐԾ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՎ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ»

14:09 | 09.04.2021

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՆՑԱՆՔ` ՔՐ.ԳՈՐԾ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՎ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ»

«Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ անդրադարձել է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական խնդիրներին:

 

«ՄԻՇՏ ԷԼ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ ԵՂԵԼ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՄԻԱՎՈՐՎԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ»

Այն դիտարկմանը, որ ընդդիմությունը պետք է միասնական լինի, որպեսզի կարողանա արտահերթ ընտրությունների դեպքում հաջողություն գրանցել եւ վերջ դնել փաշինյանական իշխանությանը, ՍԻՄ կուսակցության նախագահը շեշտեց. «Մեր կուսակցությունը 33 տարի է քաղաքական ասպարեզում է: Փառք Աստծո, բոլորը գիտեն, որ միշտ էլ կողմնակից ենք եղել դրված խնդիրը լուծելու համար` միավորվել համապատասխան ուժերի հետ: Այնպես որ, խնդիր չունենք չմիավորվելու: Դրա համար 17 կուսակցությունների ձեւաչափի հիմքում ՍԻՄ-ը նույնպես կա: Իսկ այսօր միավորում ենք ուժերն այն քաղաքական ուժերի, անհատների, հասարակական շարժումների հետ, ովքեր ուզում են Ռուսաստանի հետ ավելի սերտ միություն ձեւավորել: Այդ միավորումը պետք է լինի գերխնդիր, որպեսզի վերականգնենք Հայաստանը, զարգացնենք տնտեսությունը, ապահովենք անվտանգությունը եւ լուծենք ժողովրդագրական հարցերը: Այո, պետք է միավորվենք ընտրությունների ժամանակ, բայց ոչ թե միավորվեն այն մարդիկ, ովքեր առանց այդ էլ միավորված են,  այլ պետք է միավորվի հասարակությունը` ընտրելով այն ճանապարհը, որը ցույց ենք տալիս մենք` Նիկոլին հեռացնել եւ գնալ դեպի Ռուսաստանի հետ նոր միութենական պետություն ձեւավորելու ուղղությամբ»: Հ. Բաբուխանյանն առաջարկեց բոլորին միավորվել այս գաղափարի շուրջ, կողք կողքի կանգնել եւ փրկել երկիրը:

 

«ՆԻԿՈԼԸ ԵՎ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԵՌԱՆԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶԻՑ»

«Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահն ընդգծեց, որ իրենց  շարքերում նիկոլփաշինյաններ, դավաճաններ, սրիկաներ, փառք Աստծո, չկան: Իսկ իրենց պահանջը հստակ է եւ անփոփոխ. «Գտնում ենք, որ Նիկոլը եւ իր կուսակցությունը պետք է ընդհանրապես հեռանան քաղաքական ասպարեզից: Բայց, եթե նա արդարանալու ցանկություն ունի, ապա թող քրեական գործ հարուցվի: Ցանկացած երկրի ղեկավար, որն իր երկիրը կբերեր այսպիսի վիճակի` հողերի եւ մարդկանց զանգվածային կորուստի, հրաժարական կտար: Իսկ եթե գտնում է, որ մեղավոր չէ, Օնիկ Գասպարյանն է մեղավոր, կամ չգիտեմ ով, դատարանում թող արդարանա կամ անկախ հանձնաժողով թող ստեղծվի եւ քննի, թե ով է մեղավոր: Մինչդեռ 5 ամիս է անցել պատերազմից, սակայն որեւէ քրեական գործ չի հարուցվել: Երբ մեկն ընկնում է, ոտքը կոտրում է, հիվանդանոց 75 քննիչ ու ոստիկան են գալիս, քրեական գործ են հարուցում` տեսնեն` ինչու է ոտքը կոտրել: 5 հազար մարդ զոհվել է, 10 հազարը հաշմանդամ է դարձել, 50 հազարն` անօթեւան, ունենք անհետ կորածներ եւ գերիներ, խեղված ճակատագրեր, ու ոչ ոք ոչ մի պատասխան չի տալիս, թե ինչպես եղավ»:

Հ. Բաբուխանյանը հռետորական հարց բարձրացրեց, թե ինչով է զբաղված դատախազությունը. «Տարածքային ամբողջականությունը խախտելու հիմքով քրեական գործ չհարուցելով` դատախազությունը կատարում է հանցանք: Եվ ընդհանրապես դատախազության ամեն օրվա անգործությունն արդեն հանցանք է»:

 

«ԿԱՆ ԹՐՔԱՍԵՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՀԱՍՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԱՐԻՆ»

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման եւ այդ համատեքստում հայկական շահը ոտատակ գնալու վտանգների հետ կապված: Ի պատասխան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ Բաբուխանյանը հորդորեց չխառնվել երկու մեծ կայսրությունների փոխարաբերությունների մեջ. «Մենք փոքր պետություն ենք, այսօր նաեւ` պարտված, եւ թե այդ երկու հզոր տերություններն ինչպես կհարաբերվեն, միմյանց ինչ կասեն, ինչպես կժպտան, մեր գործը չէ: Իրենց հարաբերությունները եղել են շատ փոփոխական, վերջին 200 տարվա ընթացքում ունեցել են միմյանց դեմ 12 պատերազմ: Այսօր կարող են ժպտալ, վաղը` պատերազմել: Սա, այսպես ասած, աշխարհի ուժեղների կռիվն է: Մեր գործն է լինել այդ երկու կայսրություններից մեկի` կա՛մ ռուսների, կա՛մ թուրքերի հետ: Այսօր իրավիճակն այնպիսին է դարձել, որ երրորդ տարբերակ չունենք»:

ՍԻՄ կուսակցության նախագահը ցավով նշեց, որ ի զարմանս իրեն` այսօր մեր երկրում կան թրքասեր մարդիկ, որոնք ուզում են մեզ հասցնել ցեղասպանության վերջնական արարին. «Կան «յան» ազգանունով մարդիկ, որոնց չի կարելի հայ անվանել: Նրանք հոգով թուրքեր են, որոնք թուրք են ման գալիս, որ երեսին ժպտան, պատրաստ են գնալ ցանկացած ստորացման, իրենց ազգային ոգին ոչնչացնել եւ ամեն ինչ անել` միայն թուրքի հետ լինեն: Բայց նաեւ կան ինքնապահպանման բնազդ ունեցող մարդիկ, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը: Ինչքան էլ լինեն փողասեր, ժլատ ու ագահ, միեւնույնն է, պետք է այսօր հասկանան, որ սահմանից մինչեւ Երեւանի իրենց տունը տանկով գալու պարագայում տեւելու է 2 ժամ, իսկ եթե ինքնաթիռով գան` երկու րոպե: Այնպես որ, պետք ընկալեն, որ իրենք դեռ ոչինչ, բայց իրենց երեխաներին են դատապարտում սարսափելի ճակատագրի: Դրա համար մեր շարժումն առաջարկում է ելք` ձեւավորել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» եւ լուծել մեր եռախնդիրը` հայրենի հողը, ազգը եւ մեր պետականությունը պահպանելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր տարբեր քաղաքական ուժեր, նույնիսկ նախկինում արեւմտյան կողմնորոշում ունեցող, եւս պնդում են, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման մեջ է, Հ. Բաբուխանյանը հիշեցրեց. «Եթե ոմանց մոտ վերջերս է հասունանում այդ միտքը, որ Ռուսաստանի հետ պետք է շատ ջերմ եւ վստահելի հարաբերություններ ունենալ, կան նաեւ այնպիսիք, որոնք անգամ այսքան կորուստներից հետո` իրենց ուղեղը մինչեւ հիմա չի էլ հասունացել, որովհետեւ մի մասը պարզապես դպրոց չի գնացել, չի սովորել պատմություն եւ չգիտի, թե ով է փրկել Հայաստանը 1813 թվականին, 1920 թվականին, եւ ով փրկեց հիմա մեր տարածքները եւ մեր բանակի մնացորդները: Մինչդեռ ոմանք, պարզապես, ստանում են փող` ռուսների դեմ խոսելու համար: Եվ մենք լավ գիտենք, թե ովքեր են այդ ուղղությունները զարգացնում, չէ որ Սորոսը հայտարարել է, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի օգնեն թուրքերին` ընդդեմ ռուսների»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք